ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին
Հասարակություն
13:46 19/04/2023
Հայաստան

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր Երևանում տեսակցել են Հայաստանի տարածք ներթափանցած և այժմ կալանքի տակ գտնվող ադրբեջանցի երկու զինծառայողներին, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։

«Որևէ մանրամասներ կապված այցի բովադակային մասի հետ, չենք հրապարակում հանրային հարթակում, քննարկում ենք միայն իշխանությունների հետ, անհրաժեշտության դեպքում փոխանցում ընտանիքներին»,- ասաց նա։

Զ.Ամատունին հայտնեց, որ Կարմիր խաչի նամակների տեսքով  հնարավորություն է տրվել նրանց կապ հաստատել ընտանիքների հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողներից մեկն ապրիլի 10-ին հայտնաբերվել էր Սիսիանի գյուղերից մեկի բնակիչների կողմից, հանձվել իրավապահ մարմիններին։

Մյուս զինծառայողի որոնողական աշխատանքները տևել են մի քանի օր։ Ի վերջո նրան հայտնաբերել են ապրիլի 13-ին Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղի բնակիչները։ Ադրբեջանցին մինչ այդ սպանել էր ԶՄՊԿ պահնորդին։

Ըստ դատախազության հաղորդագրության. «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահպանությունն իրականացնող և պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»։ 

Placeholder
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին