Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդային հավաքածուն համալրվել է
Մշակույթ
16:01 22/04/2023
Հայաստան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդային հավաքածուն համալրվել է

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդային հավաքածուն հարստացավ ևս մի քանի ցուցանմուշներով: Նյութերը Տուն-թանգարան է ուղարկել Լադա Ելեցկայան Սանկտ-Պետերբուրգից:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հաղորդմամբ, դրանք նամակներ են, ինքնագրով բուկլետ, լուսանկարներ, որոնք արվել են Արամ Խաչատրյանի՝ Լենինգրադում գտնվելու ժամանակ հեռուստատեսությունում հյուրընկալվելիս: Նվիրատուի մայրիկը հեռուստատեսային ռեժիսոր էր, աշխատել և հաղորդումներ է պատրաստել դասական երաժշտության մասին։

Դրանցից մեկը նվիրված է եղել Արամ Խաչատրյանին։ Հենց այս ընթացքում է վերջինս հանդիպել Մաեստրոյի հետ:

«Շնորհակալություն ենք հայտնում հարգարժան Լադա Ելեցկայային թանկարժեք նվերի համար և վստահեցնում, որ վերջիններս իրենց արժանի տեղը կգտնեն մեր ֆոնդային արխիվում:
Եվս մեկ անգամ խնդրում և կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր կունենան Արամ Խաչատրյանին վերաբերող գրքեր, հոդվածներ, լուսանկարներ, նամակներ և այլ նյութեր, նվիրել մեզ: Տուն-թանգարանը լավագույնս կպահպանի աշխարհահռչակ հայի մասին պատմող բոլոր նմուշները»,- նշում են թանգարանից։ 
 

Placeholder
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդային հավաքածուն համալրվել է