Կիրակոսյան. Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան
Իրավունք
17:08 24/04/2023

Կիրակոսյան. Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին` Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Այս վերջին զարգացումը, որը վերաբերում է արդեն անցակետ դնելուն, կարծում եմ` արդեն շատ աղաղակող անհամապատասխանություն է։ Եթե մինչև այս պահը իբրև թե էկոակտիվիստների գործողությունների նկատմամբ ազդեցություն չունենալն էր շահարկվում, որն, իհարկե, ոչ մի տեղ լուրջ չէր ընդունվում, հիմա արդեն շատ ավելի կոնկրետ գործողություններով է խախտում դատարանի որոշումը։ Մենք, բնականաբար, այս ուղղությամբ քայլեր կձեռնարկենք և արդեն աշխատում ենք։ Առաջիկայում կլինի քայլ մեր կողմից` դատարանի շրջանակներում»,– ասել է Կիրակոսյանը։

Խոսքը Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը վերաբերող միջանկյալ որոշման մասին է, որն Ադրբեջանն արդեն 2 ամիս է, ինչ չի կատարում։

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։

Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբն ապրիլի 23-ին հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում»։

Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 

Placeholder
Կիրակոսյան. Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան