Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ․ ՌԴ ՊՆ
Քաղաքական
21:26 24/04/2023
Տարածաշրջան

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ․ ՌԴ ՊՆ

Ադրբեջաի միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների հետևանքով ապրիլի 23-ին Լաչինի միջանցքով երթևեկությունն արգելափակվել է, ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցություններ է վարում Բաքվի հետ։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում, որը տարածվել է երկուշաբթի՝ ապրիլի 24-ին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին։

«2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում (Հակարիի կամուրջ)։ Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ»,- նշված է տեղեկագրում։

Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբն ապրիլի 23-ին հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում»։

Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 

Placeholder
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ․ ՌԴ ՊՆ