Բարեբախտաբար Հայաստանը շարունակում է մնալ կարմրուկի հանդեպ էլիմինացված երկիր. Գայանե Սահակյան
Առողջություն
12:41 26/04/2023
Հայաստան

Բարեբախտաբար Հայաստանը շարունակում է մնալ կարմրուկի հանդեպ էլիմինացված երկիր. Գայանե Սահակյան

Աշխարհում ամեն տարի ապրիլի վերջին շաբաթը նվիրվում է իմունականխարգելմանը։ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել պատվաստումների դերի կարևորությունը և բարձրացնել իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը։ 

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի այն մեկնարկել է ապրիլի 23-ին և կշարունակվի մինչև ապրիլի 29-ը։

2023 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության կարգախոսն է «Յուրաքանչյուր դեղաչափը կարևոր է», «Ժամանակը կարևոր է»՝ նպատակ ունենալով արժևորել լիարժեք և ժամանակին իրականացված պատվաստումների դերն ու նշանակությունն անձի առողջության և բարեկեցության համար:

Գայանե Սահակյանը նշեց, որ պատվաստումների շնորհիվ՝ մի շարք վարակիչ հիվանդություններ այլևս սպառնալիք չեն։ «Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը։ Կան հիվանդություններ, որոնք վերացման շեմին են՝ պոլիոմիելիտը, կարմրուկը, կարմրախտը, դիֆթերիան, վիրուսային հեպատիտ Բ-ն։ Այս ամենին հնարավոր եղավ հասնել պատվաստումների շնորհիվ։ Ամբողջ աշխարհում եկել են այն եզրահանգման, որ պատվաuտումների միջոցով հնարավոր է  կանխարգելել այս վարակիչ հիվանդությունները»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ԱՆ պաշտոնյան ասաց, որ մեր երկրում դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել 2000 թվականից։ Բացի այդ, պատվաստումների շնորհիվ Հայաստանում 1995-ից այլևս չի արձանագրվում պոլիոմելիտ հիվանդությունը, իսկ կարմրուկի և կարմրախտի առումով մեր երկիրը համարվում է էլիմինացված։

«Իհարկե բերովի դեպքեր լինում են, այսօր ամբողջ աշխարհում կարմրուկի բռնկման դեպքեր են գրանցվում, նույնիսկ կան երկրներ, որ կարմրուկը  տարածվել է տարբեր շրջաններում, իսկ Հայաստանում լոկալ բռնկումը կապված էր բերովի դեպքերի հետ, և կրկին անգամ ապացուցվեց՝ Հայաստանում պատվաստոմները բարձր մակարդակով են իրականացվում և  ունենք կոլեկտիվ իմունիտետ։ Բարեբախտաբար Հայաստանը շարունակում է մնալ էլիմինացված երկիր»,- նշեց Գայանե Սահակյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում պատվաստումներ են իրականացվում 18 վարակիչ հիվանդությունների դեմ՝ 15 պատվաստանյութով:

 

Placeholder