Ֆրանսիայի արտգործնախարարին Բաքում հավաստիացրել են, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության նախաձեռնությամբ է հանդես եկել
Քաղաքական
17:17 27/04/2023
Տարածաշրջան

Ֆրանսիայի արտգործնախարարին Բաքում հավաստիացրել են, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության նախաձեռնությամբ է հանդես եկել

Բաքուն հանդես է եկել հայ-ադրբեջանական խնդրի շուրջ «խաղաղության» նախաձեռնությամբ, և Փարիզը ողջունում է այն: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին Բաքվում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։

Կոլոնան ապրիլի 26-ին այցով ժամանել է Ադրբեջան։ Բաքվի հանդիպումներից հետո նա կմեկնի Երևան։ Բաքու կատարած այցի ընթացքում ֆրանսիացի նախարարը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավորություն կա: Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության նախաձեռնությամբ, և Ֆրանսիան ողջունում է այն... Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև կա երկկողմ հարաբերությունների ամուր հիմք, կա համագործակցություն տարբեր ոլորտներում՝ մշակույթի, կրթություն, տնտեսագիտություն, տիեզերագիտություն»,-ասել է Կոլոննան Բայրամովի հետ համատեղ ասուլիսում։

Իր հերթին, ադրբեջանցի նախարարը, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի դրած անցակետի թեմային, ասել է, թե «Երևանը մերժել է Լաչինի ճանապարհին զուգահեռ հսկողության առաջարկը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից տարբեր պատճառաբանություններով փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, իսկ ապրիլի 23-ին այնտեղ փորձել է ապօրինաբար տեղադրել հսկիչ անցագրային կետ: Շրջափակման հետևանքով Արցախի հանրապետության 120 հազար քաղաքացի հումանիտար ճգնաժամի մեջ են հայտնվել և էթնիկ զտման վտանգի առաջ են կանգնած:

Placeholder