Ադրբեջանցի «էկոակտիվիստները» որոշել են ժամանակավոր դադարեցնել բողոքի ակցիան Լաչինի միջանցքում
Քաղաքական
16:40 28/04/2023
Տարածաշրջան

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» որոշել են ժամանակավոր դադարեցնել բողոքի ակցիան Լաչինի միջանցքում

138 օր շարունակ Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակող ադրբեջանցի «էկոակտիվիստների» մի խումբը հրավիրվել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման։ Ըստ ադբեջանական ԶԼՄ-ների, պաշտոնյաները հայտնել են «էկոակտիվիստներին», որ ապրիլի 23-ին պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին, «սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել, մասնակիցներին ևս մեկ անգամ առաջարկվել է դադարեցնել ակցիան»։

«Էկոակտիվստները» այդ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել, որ որոշվել է 2023 թվականի ապրիլի 28-ին ժամը 18:00-ից ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ  ապրիլի 23-ին Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում»։

Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 

Այսինքն, թեև «էկոակտիվիստների» հեռանալուն, Արցախը կշարունակի շրջափակման մեջ մնալ, քանի որ Ադրբեջանը Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջի մոտ անցակետ է տեղադրել։

Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո  Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ  հետ իրականացվում էր մի միջանցքով։

Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին  այդ անխոչընդոտ կապը։

Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված,  «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Չորս ամսից ավելի է` Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,...  դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։

Placeholder
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» որոշել են ժամանակավոր դադարեցնել բողոքի ակցիան Լաչինի միջանցքում