Մենք չենք կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Քաղաքական
15:32 28/04/2023

Մենք չենք կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի ԱԳ նախարար

«Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին», - Երևանում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

Նա նշեց, որ Ֆրանսիան դա անում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին, բնականաբար, կապ պահպանելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ այս գործընթացում։

«Խաղաղության ճանապարհը դժվար է գտնել, հաճախ երկար, բայց ասում եմ Երևանում, ինչպես ասել եմ Բաքվում, դա միակ ճանապարհն է, որ հնարավորություն կտա արդար և կայուն խաղաղության հասնել, նոր հեռանկարներ ստեղծել երկու երկրների ապագայի և երկու երկրների բնակչությունների համար», - նշեց Կոլոննան։

Նա ասաց, թե տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը նշանակում է հրաժարվել ցանկացած ուժային գործողությունից։

«Ես դա ասել եմ նաև Բաքվում, կրկնում եմ այստեղ՝ադրբեջանական ուժերի առաջխաղացումների հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականությունը չհարգել։

Հակառակ պարագայում ևս նույնը կասեինք, եթե դուք առաջխաղացումներ ունենայիք Ադրբեջանի տարածքում։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի և դա միակ ճանապարհն է, որպեսզի երկու կողմերն էլ առաջ գնան։ Ուստի մենք չենք կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից»,- նշեց Ֆրանսիայի ԱԳ նախարար։

Նա նաև ասաց, որ Լաչինի միջանցքում անցակետ հաստատելու երևույթը հակասում է 2 երկրների միջև զինադադարի համաձայնություններին, և եթե Ադրբեջանը որոշ մտահոգություններ կամ պահանջներ ունի հոսքերի թափանցիկության վերաբերյալ, կան մի շարք այլ միջոցներ այդ հարցին մոտենալու համար և ոչ միակողմանի քայլերով։

«Մենք շարունակում ենք կոչ անել վերականգնել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2 կողմերի ստանձնած պարտավորությունների և Միջազգային արդարադատության դատարանի վճռի։ Այդ շրջափակումն արդեն մի քանի ամիս է տևում, և դա ընդունելի չէ, այն չի համապատասխանում միջազգային իրավունքի հանձնառություններին, մարդասիրական ճգնաժամի ռիսկ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։

Մենք ցանկանում ենք, որ բանակցություններ վարվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքերի ու երաշխիքների շուրջ։

ԼՂ բնակչությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղության մեջ, անվտանգության մեջ, իր մշակույթի և իր ավանդույթների հարգանքով։ Ես դա նաև Ազգային ժողովում եմ ասել, ես վստահեցնում եմ, պարոն նախարար, որ մենք դա ասում ենք ոչ միայն ձեզ, այլ նաև այլոց և մասնավորապես  ադրբեջանական կողմին»,- ասաց Կ. Կոլոննան։ 

Placeholder
Մենք չենք կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի ԱԳ նախարար