Աղքատ երկրներում աղջիկների և կանանց 90%-ը զուրկ է ինտերնետին հասանելիությունից
Աշխարհում
12:49 29/04/2023
Աշխարհ

Աղքատ երկրներում աղջիկների և կանանց 90%-ը զուրկ է ինտերնետին հասանելիությունից

Աղքատ երկրներում դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց մոտ 90%-ը չի օգտվում ինտերնետից: Նրանց արական սեռի հասակակիցները երկու անգամ ավելի հաճախ են լինում առցանց տիրույթում: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) ՏՀՏ ոլորտում աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ, որն այս տարի նշվում է ապրիլի 27-ին։

Հիմնադրամի փորձագետները վերլուծել են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 15-24 տարեկան մարդկանց շրջանում ինտերնետի օգտագործման, բջջային հեռախոսների օգտագործման և թվային հմտությունների վերաբերյալ տվյալները և եկել այն եզրակացության, որ աղջիկները շատ ավելի քիչ հնարավորություններ ունեն, քան տղաները:

«Աղջիկների և տղաների միջև թվային անջրպետը վերացնելը ավելին է, քան պարզապես ինտերնետ և տեխնոլոգիաների հասանելիությունը: Սա հնարավորություն է աղջիկներին դարձնելու նորարարներ, ստեղծագործողներ և առաջնորդներ»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության տնօրեն Ռոբերտ Ջենքինսը:

«Եթե մենք ցանկանում ենք փակել գենդերային բացը աշխատաշուկայում, հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում, մենք պետք է սկսենք հենց հիմա՝ օգնելով երիտասարդներին, հատկապես աղջիկներին, ձեռք բերել թվային հմտություններ»,- հավելել է նա։

32 երկրներում աղջիկները միջինում 35 տոկոսով ավելի հավանական է, որ չունենան նույնիսկ տարրական թվային հմտություններ, ինչպիսիք են ֆայլերը և թղթապանակները համակարգչով պատճենելը, ֆայլեր և էլ. նամակներ ուղարկելը, քան տղաները:

Փորձագետներն ընդգծում են, որ թվային խնդիրների պատճառները հիմնված են շատ ավելի լայն գենդերային խզման և հայրիշխանական ավանդույթների վրա: Ինչպես ցույց են տվել 41 երկրների տվյալները, հաճախ աղջիկներն ու տղաները չունեն հավասար իրավունքներ նույնիսկ ընտանիքում. տղաներն ավելի հավանական է, որ հասանելի լինեն ինտերնետին և տեխնոլոգիաներին, ծնողներն ավելի հավանական է, որ բջջային հեռախոս գնեն իրենց որդու, քան դստեր համար:

Տնից և ընտանիքից դուրս աղջիկները նույնպես մշտապես բախվում են խոչընդոտների՝ կրթական համակարգում և աշխատաշուկայում: Իրենց ողջ կյանքի ընթացքում նրանց հետապնդում են գենդերային խտրական նորմերն ու կարծրատիպերը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդգծում է, որ աղջիկներին փոքր տարիքից պետք է ծանոթացնել թվային տեխնոլոգիաներին և սովորեցնել թվային հմտություններ։ Հիմնադրամը հայտարարում է նաև գենդերային կարծրատիպերի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։

Փորձագետները կոչ են անում կառավարություններին անել հնարավորը, որպեսզի աղջիկները ստանան թվային կրթություն տղաների հետ հավասար հիմունքներով, ինչպես դպրոցում, այնպես էլ դպրոցից դուրս, շրջանային և համայնքային մակարդակներում, և աղջիկների համար ստեղծեն աշխատանքի հնարավորություն ՏՀՏ ոլորտում, այդ թվում՝ մենթորական ծրագրեր և պրակտիկա:
Թվային հմտություններ կյանքի համար

Այս տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը ՏՀՏ ոլորտում աղջիկների միջազգային օրվա թեման է «Թվային հմտություններ կյանքի համար»։

Placeholder
Աղքատ երկրներում աղջիկների և կանանց 90%-ը զուրկ է ինտերնետին հասանելիությունից