Ադրբեջանից ասում են՝ հայ հոգևորականները պետք է լքեն Դադիվանքը
Տարածաշրջան
15:09 02/05/2023
Տարածաշրջան

Ադրբեջանից ասում են՝ հայ հոգևորականները պետք է լքեն Դադիվանքը

«Հայ հոգևորականները պետք է հեռանան Խուդավենգի (Դադիվանք՝ Panorama.am) վանքից»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։

Նա նշել է,  որ «հայ հոգևորականներն այդ վանքի հետ կապ չունեն, պետք է հեռանան այնտեղից»։
«Այն պատկանում է կովկասյան Ալբանիային։ Վաղ թե ուշ ալբանա-ուդիական քրիստոնյա  համայնքը կլուծի այդ հարցը», - նշել է նա։

Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանական համալիրներից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանում, որը, համաձայն եռակողմ հայտարարության, 2020-ի նոյեմբերին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ավելի վաղ Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրել էր. «Դադիվանքում չկա որևէ «աղվանական», «ուդիական», ոչ հայկական և ոչ մի կոմպոնենտ` սկսած շենքերի ճարտարապետական լուծումից մինչև քանդակը, խաչքարերն ու որմնանկարները:

Դադիվանքում մոտ 200 հայերեն արձանագրություններից բացի, որոնք վերաբերում են 12-17-րդ դարերին, չկա այլալեզու որևէ տառ անգամ: Այն ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքը հայտարարելով աղվանական կամ ուդիական, այնտեղ բերելով իբր ուդի կրոնավորների` կրոնա-մշակութային ժառանգությունն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, ակնհայտ մշակութային եղեռն»։ 

Placeholder
Ադրբեջանից ասում են՝ հայ հոգևորականները պետք է լքեն Դադիվանքը