«Ֆարյատևի երևակայությունները». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմում
Օրվա թեմա
09:50 03/05/2023
Հայաստան

«Ֆարյատևի երևակայությունները». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի ժամանակակից դրամատուրգ Ալլա Սոկոլովայի «Ֆարյատևի երևակայությունները» պիեսը՝ Օլեգ Գալիցկու ռեժիսուրայով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։ 

Ա.Սոկոլովայի «Ֆարյատևի երևակայությունները» պիեսը սիրո, մենության, հանդիպումների և բաժանումների, երևակայությունների և իրականության մասին է։

Պիեսի գլխավոր հերոսը՝ Պավել Ֆարյատևը, նույն փոքրիկ մարդն է, որին ճանաչում ենք Գոգոլի, Չեխովի, Դոստոևսկու և այլ ռուս գրողների ստեղծագործություններից։ Նա ապրում է իր երազներում,  իրականությունը վախեցնում է նրան։

Ներկայացման հերոսները երազում են սիրել ու երջանիկ լինել, բայց կարո՞ղ է իրականանալ նրանց երազանքը, որն անիրագործելի է թվում։ Իհարկե, գուցե մի օր ամեն ինչ լավ լինի, բայց ոչ հիմա։ Ոչ իրենց իրականության մեջ։

Ներկայացման դերակատարներն են Սերգեյ Գրիգորյանը, Լալիտա Բուկիան, Լիանա Սևումյանը, Հայարփի Զուռնաչյանը, Նատալի Հարությունովան, Յանա Թուրգունյանը:  

Ներկայացման բեմանկաչությունը՝ Լեոնիդ Շուլյակովի, Յարոսլավ Լոզայի, զգեստները՝ Մարի Սարգսյանի, երաժշտական ձևավորումը՝ Օլեգ Գալիցկու:

Ներկայացումը նախատեսված է 14+ անձանց համար:

Առաջնախաղերը կկայանան մայիսի 2-ին, 3-ին և 5-ին: 



 

Placeholder