Երևանում ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման համար ծախսվել է 1 մլրդ 205 մլն դրամ
Քաղաքական
10:46 05/05/2023
Հայաստան

Երևանում ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման համար ծախսվել է 1 մլրդ 205 մլն դրամ

Ապրիլին Երևանում կայացած ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման համար ծախսվել է մոտ 1 մլրդ 205 մլն դրամ։ Panorama.am-գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։

«Իմ կարծիքով, սա ամենաշքեղ ու անկրկնելի առաջնությունն էր՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ»,-ասել էր  Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ու նշել, որ Հայաստանը նաև աշխարհի 2024 թվականի առաջնությունը հյուրընկալելու հավակնորդներից է։ Նման գումարներով միջոցառման կազմակերպման համար Արայիկ Հարությունյանին և Կարեն Գիլոյանին Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարները հուշամեդալների են արժանացրել։

Առաջնության ավարտից հետո Panorama.am-ը հարցեր էր ուղղել նախարարությանը՝ հստակեցնելու, թե ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է ծախսվել, ո՞րն է նման ճոխության իմաստն ու նպատակը։

Panorama.am-Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար որքա՞ն գումար ծախսվեց։    Ընդհանուր գումարից որքա՞նն է հատկացրել հայկական կողմը։ Խնդրում ենք մանրամասնել ֆինանսավորման բոլոր աղբյուրները։

ԿԳՄՍՆ-Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի ապրիլին Երևանում կայացած ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության  միջև 20.03.2023թ կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» № ՍՊԾԵ 82-2023 պայմանագիրը, որի գումարը կազմել է 44599,5 հազար (քառասուն չորս միլիոն հինգ հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր) դրամ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 373 -Ն որոշումը՝  կնքվել է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ № 01 2023 թվականի մարտի 29-ին «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» № ՍՊԾԵ 82-2023 պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ:
Նշված պայմանագիրը հասանելի է նախարարության պաշտոնական կայքում՝ https://bit.ly/3HvvWYS  հղմամբ: 

Տեղեկացնենք նաև, որ Երևանում ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի հաղթող է ճանաչվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն: Ընկերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև 09.03.2023թ կնքվել է թիվ «ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-23/1-1» ծածկագրով պայմանագիրը, որի գումարը կազմել է 1160000000 (մեկ միլիարդ մեկ հարյուր վաթսուն միլիոն) ՀՀ դրամ:
Նշված պայմանագիրը ևս հասանելի է նախարարության պաշտոնական կայքում՝ https://escs.am/am/news/15712 հղմամբ:

Panorama.am-  Առաջնության քանի՞ տոմս է վաճառվել, որքա՞ն  կազմում վաճառված տոմսերի  ընդհանուր գումարը։

ԿԳՄՍՆ -Նշենք նաև, որ առաջնության տոմսերի հետ կապված բոլոր գործընթացներն իրականացրել է «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ն:

Panorama.am-Հայկական կողմն ի՞նչ խնդիր էր դրել իր առջև նման ծավալի ու շքեղ առաջնություն կազմակերպելով։

ԿԳՄՍՆ-Առաջնության անցկացմամբ Հայաստանի Հանրապետության հանրահռչակման, աշխարհի սպորտային քարտեզում Հայաստանի տեղն ամրապնդելու, ինչպես նաև հայ մարզիկներին իրենց իսկ երկրում նմանօրինակ մեծամասշտաբ առաջնության մասնակցելու հնարավորություն ընձեռելու խնդիր էր դրված:







Placeholder
Երևանում ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման համար ծախսվել է 1 մլրդ 205 մլն դրամ