Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» կատակերգական օպերան՝ լի հետաքրքիր և ծիծաղելի իրավիճակներով
Մշակույթ
14:13 11/05/2023
Հայաստան

Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» կատակերգական օպերան՝ լի հետաքրքիր և ծիծաղելի իրավիճակներով

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 12-ին և 15-ին տեղի կունենա հռչակավոր կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» երկու գործողությամբ կատակերգական օպերայի առաջնախաղը:



Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացման երաժշտական ղեկավար, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ասաց, այս ստեղծագործությունը շատ կարևոր է թատրոնի համար։

«Մենք որոշել ենք այս պրոեկտն անել երիտասարդ ձայների հետ։ Օպերային թատրոնն ունի Երիտասարդական օպերային ծրագիր։ Գաղափարն այն է, որ երիտասարդներին սկսենք պատրաստել ապագայում մեծ բեմահարթակ բարձրանալու համար և որոշեցինք սկսել Դոնիցետիից։ Իրենց հետ հաջորդ նախագիծը կլինի Մոցարտ։ Երիտասարդները  մեր ապագան են։ Արտիստի բարձրանալու ճանապարհը մենք որոշեցինք Դոնիցետիից սկսել»,- ասաց Դուրգարյանը։

Նրա ներկայացմամբ, «Սիրո ըմպելիք»  օպերան լի է հումորային տեսարաններով, հետաքրքիր լուծումներով, դինամիկ է։ Կ. Դուրգարյանն ասաց, որ ավագ կոլեգաները փորձել են առավելագունն անել երիտասարդների համար, որպեսզի իրենք իրենց բեմահարթակում զգան հանգիստ, կամաց- կամաց գան օպերային թատրոն՝ իբրև արտիստներ։

«Բեմադրության ռեժիսորը նույնպես շատ երիտասարդ է, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանող Օլգա Գուսևան։ Երաժշտական ռեժիսորայի բաժինն այս տարի է ավարտելու։ Մեր թատրոնում աշխատում է ռեժիսոր, որոշում եղավ, որ հենց նա պետք է բեմադրի»,- ասաց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Ասուլիսին ներկա օպերայի ռեժիսորի օգնական, խորեոգրաֆ Արա Ասատուրյանի խոսքով,  Օլգա Գուսևան կարևոր ձեռքբերում է մեր թատրոնի համար, պետերբուրգյան ոգին է բերել այստեղ։

«Քանի որ կատակերգություն է, շարժումն օգնում է ավելի հետաքրքիր դարձնել իրավիճակները։ Հանդիսատեսը ցանկացած  պահի բեմի տարբեր անկյուններում կտեսնի հետաքրքիր, ծիծաղելի իրավիճակներ, նաև պարային մասեր։ Մեծ մասամբ, չապլինյան ոգի ենք դրել դրա մեջ։ Օպերայի ընդհանուր լուծումը շատ դինամիկ է և պլաստիկ»,- ասաց Արա Ասատուրյանը։

Կ.Դուրգարյանը նշեց, որ օպերային թատրոնը գնում է մի ճանապարհով, որը կոչվում է՝  օպերային թատրոնում ոչ միայն երգել, այլ նաև խաղալ։

Նա շատ կարևորեց  մանկական ներկայացումները՝ նշելով, որ օպերային թատրոնը տարին մի քանի անգամ պետք է մանկական ներկայացումներ բեմադրի։

«Հանդիսատեսի հետ պետք է աշխատել։ Մանկական ներկայացումներ պետք է բեմադրել, որպեսզի ձևավորենք նոր սերունդ, թատրոն սիրող սերունդ, ճաշակ ունեցող սերունդ։ Նկատի ունեմ ոչ միայն օպերային թատրոնը, բոլոր թատրոնները, քանի որ մեզ անհրաժեշտ են պարկեշտ քաղաքացիներ, իսկ ով սիրում է թատրոն գալ, նա այսպես թե այնպես պարկեշտ է»,- ասաց Կարեն Դուրգարյանը։

Հռչակավոր կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի  «Սիրո ըմպելիք» օպերայի առաջին բեմադրությունը կայացել է Միլանում 1832 թվականի մայիսի 12-ին։ «Սիրո ըմպելիքը» կոմպոզիտորի ամենափայլուն կատակերգական օպերաներից է, որը հագեցած է հիանալի  մեղեդիներով և ունի անսովոր ու հետաքրքիր սյուժե:

Լիբրետոյի հեղինակը Ֆելիչե Ռոմանինն է, ում հետ կոմպոզիտորը բազմիցս համագործակցել է։ Որպես լիբրետոյի հիմք Ռոմանին օգտագործել է կատակերգությունների մեծ վարպետ՝ ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Սկրիբի Վոդևիլը։ Ներկայացմանը մասնակցում են թատրոնի և «Երիտասարդական օպերային ծրագրի» մեներգիչները:
Ներկայացման երաժշտական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան, բեմադրող ռեժիսոր և գեղարվեստական հայեցակարգի հեղինակ՝ Օլգա Գուսևա, բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան, խորեոգրաֆ՝ Արա Ասատրյան, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Ներկայացմանը մասնակցելու են Թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի արտիստները:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Placeholder
Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» կատակերգական օպերան՝ լի հետաքրքիր և ծիծաղելի իրավիճակներով