Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պարտվողականությունը Փաշինյանի, ՊՆ, ԱԳՆ, ՄԻՊ՝ երեկվա լեզվատրամաբանությունում
Զարմանալիորեն պետական կառույցները, նույնիսկ՝ ՔՊ կողմից ընտրված ՄԻՊ-ը արձագանքեցին երեկվա՝ մայիսի 11-ի ժամը 06:00-ից ադրբեջանական ԶՈՒ հերթական ագրեսիային, որ այս անգամ ուղղված էր Սոթքի կողմը;
Չեմ գրում՝ ՀՀ Սոթք, թեև «արձագանքներից» եզրակացությունը նման շեշտ կպահանջեր։
«ՍԱԴՐԱՆՔ»
Թշնամական Ադրբեջանն իր հարձակումը սկսեց հրետանային ու ականետային կրակով, կրակեց նաև ՀՀ վիրավոր զինծառայողներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ։ Ժամեր տևող կրակը չգիտես ինչու գնահատվող որպես «սադրանք»։
Ինչպես կարող է հրետանային կրակը, վիրավորները համարվել սադրանք։
Սադրանքը բացատրվում է որպես «որևէ կարգի վատ արարքի դրդելը»։ Սակայն ժամեր տևող հետանա և ականակոխությունը արդեն իսկ «արարք» են, թշնամական գործաողություն, ՀՀ սահմանի նկատմամբ ոտնձգություն։
Սադրանք կարելի էր համարել ասենք հայհոյանքը, որը կդրդեր կրակոցի հայաստանյան կողմից։
Գնահատականների ճշգրտությունը մնում է պաշտոնյաների և մեդիադաշտի թույլ կողմը։
Ի՞նչ է ուզում հասկացնել Փաշինյանը
«Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում»,-ասաց նա կառավարության նիստում։
«Հիշեցրեց», որ այդ պայմանավորվածություններով ընդգծվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են «միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա»:
Ու Փաշինյանը «դիտարկում» է անում՝ »եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ է կրակում նրա տարածքի վրա»:
Ինչպիսի աններելի միամտություն երկրի ղեկին նստածի կողմից։ Իսկ ինչու են ասենք ադրբեջանցի դիվերսանտները մտնում ՀՀ, «հայի արյան» մոլուցքով մարդ սպանում, իսկ ինչու է արբեջանական Զու-ն շարունակում մնալ Հայաստանի տարածքում՝ օկուպացնելով այն։
Ինչու է Սոթքի կրակակոծումը մասնավորեցվում, կապվում «բանակցությունների» խաթարման հետ, եթե Սոթքի գնդակոծման առաջին դեպքը չէ, և ակնհայտորեն Ադրբեջանը ուզում է ոչ միայն խանգարել հանքի շահագործմանը՝ կրակի տակ պահելով աշխատողներին, այլև՝ առաջ գալ և վերցնել ամբողջ Սոթքը։
Այսօր հարձակումները Սոթքում շարունակվում են՝ Ադրբեջանը կիրառել է ԱԹՍ, ունենք նոր վիրավորներ։
Եվ իհարկե ԱԳՆ-ն՝
«...Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»:
Կրկին՝ իբր բանակցային գործընթացի դեմ է; Այնինչ արդեն տարիների և նույնիսկ ՔՊ փորձը պիտի հուշեր, որ Ադրբեջանը չի խորշում ոտ-ոտ, քայլ-քայլ կամ հարձակումներով և մտնել ՀՀ, և մասնակցել բանակցություններին։
«Ամոթալին» ամոթ է, ում եք ասում։
ՊՆ-ն.
Պն-ն օրվա մեջ պարբերաբար ասաց, որ Ադրբեջանը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժմը։ Ինչ հրադադար։ Երբ է եղել պայմանավորվածությունը։ Թե՞ ՊՆ-ն ամեն չկրակոց թշնամու կողմից համարում է հրադադար։
Ի դեպ՝ Սոթք հասած ընդդիմադիր պատգամավորներից հայտարարեցին. «Ոչինչ չի ձեռնարկվում քաղաքացիական հասարակությանը պաշտպանելու, որևիցե ձևով սատարելու ուղղությամբ»։
ՄԻՊ-ը կույր է.
Երեկվա օրը ամփոփեց Անահիտ Մանասյանը՝ ՔՊ կողմից ընտրված «Մարդու իրավունքների պաշտպանը»։ Նա իր ֆյսբուքյան էջով հայտնեց, թե՝ «Անահիտ Մանասյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների խախտումները»։
Չեմ ուզում մանրանալ ակնհայտի մեջ՝ ՄԻՊ-ը տարանջատում ՀՀ քաղաքացիներին ըստ մարզերի. Ադրբեջանցիները «գործողություններ» են անում Տավուշի «նկատմամբ», խախտվում են տավուշեցիների իրավունքները, Սոթքի՝ սոթքեցիների... և այսպես, էլի։
Հայտարարեմ՝ Սյունիք, Տավուշ, Սևան, Սոթք... էլ որն ասեմ... ադրբեջանական ցանկացած կրակոց խախտում է բոլորիս իրավունքները։ Պարտվողականություն կա Փաշինյանի, ՊՆ, ԱԳՆ, ՄԻՊ՝ երեկվա լեզվատրամաբանությունում։ Չտրվեք սրանց պարտվողական բառերի թեկուզ ակամա ազդեցությանը։
Անահիտ Ոսկանյան