ՄԻՊ-ը տարանջատում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ՀՀ մյուս բնակիչներից
Իրավունք
15:00 12/05/2023

ՄԻՊ-ը տարանջատում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ՀՀ մյուս բնակիչներից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի պատվիրակության կազմով մայիսի 11-ին հանդիպել էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպման մասին ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով տիրող հումանիտար իրավիճակը:

Panorama.am-ը ՄԻՊ գրասենյակին  ներկայացրեց իր դիտարկումները, որ ադրբեջանական զինուժի գործողությունները խախտում են ոչ միայն սահմանամերձ բնակավայերի բնակիչների, այլև ՀՀ բոլոր բնակիչների հիմնարար իրավունքները և հարց ուղղեց, թե Անահիտ Մանասյանը, միայն սահմանամերձ բնակավայերի հարցը բարձրացնելով, արդյո՞ք տարանջատում չի  մտցնում ՀՀ քաղաքացիների տարբեր հատվածների միջև:

ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը պատասխանեց. «Շնորհակալ ենք Ձեր դիտարկման համար, ես կփոխանցեմ այն  Պաշտպանին: Ուղղակի մենք այստեղ նշել ենք, որ Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր են բարձրացվել, այսինքը՝ մենք ընդհանուր Հայաստանի մասին էլ ենք հաղորդագրության մեջ նշել»:

ՄԻՊ ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ սակայն ադրբեջանական զինված ուժերի գործողությունների՝ ՀՀ ողջ բնակչության իրավունքների խաթարման վերաբերյալ դրույթ չկա:

Ավելի ուշ Արթուր Ասլանյանը  կապ հաստատեց Panorama.am-ի հետ և լրացուցիչ պարզաբանումներ ներկայացրեց:

«Որևէ տարանջատման մասին խոսք լինել չի կարող: Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր քաղաքացու իրավունք, գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի մշտական ուշադրության ներքո: Ձեր հրապարակման մասով էլ հայտնեմ, որ հրապարակման մեջ հստակ նշված է, որ տիկին Մանասյանը Դունյա Միյատովիչի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր: Նկատի ունենալով ստեղծված իրավիճակով պայմանավորված սահմանամերձ բնակավայերի բնակիչների խոցելիությունը՝ պաշտպանը հատուկ ընդգծել է նաև նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերը»,-փոխանցեց ՄԻՊ խոսնաը:

Մեր կողմից էլ հավելենք, որ խոսնակի հիշատակած Դունյա Միյատովիչի հետ հանդիպման մասին մեր դիտարկած հաղորդագրությունում խոսք չկա, այդ հանդիպման մասին ասվում  այլ հաղորդագրությունում:

Placeholder
ՄԻՊ-ը տարանջատում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ՀՀ մյուս բնակիչներից