Պակիստանի նախկին վարչապետը պետք է անհապաղ ազատ արձակվի
Իրավունք
09:34 12/05/2023
Աշխարհ

Պակիստանի նախկին վարչապետը պետք է անհապաղ ազատ արձակվի

Պակիստանի Գերագույն դատարանը անօրինական է համարել երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունը։ Դատարանը կարգադրել է նախկին պաշտոնյային անհապաղ ազատ արձակել: Այս մասին գրում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Իմրան Խանը ձերբակալվել էր այս շաբաթ կոռուպցիայի մեղադրանքով։ Նրա փաստաբանները պնդում էին, որ կալանավորումն անօրինական է:

Իմրան Խանի կալանավորմանը հետևած բողոքի գործողությունների ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 10 մարդ է սպանվել, 2000 մարդ ձերբակալվել է։

Դատավորի կողմից որոշումը հրապարակելուց հետո խոսքի հնարավորություն է տրվել Պակիստանի նախկին վարչապետին։ Վերջինը հայտարարել է, որ իրեն Իսլամաբադում դատարանի շենքից առևանգել են, փայտերով հարվածել, իսկ անվտանգության ուժերը որևէ կերպ չեն արձագանքել տեղի ունեցածին։

Նրա կուսակցությունը, որը կոչվում է Պակիստանի Tehreek-e-Insaf (PTI), հայտարարել է, որ Խանի դեմ հարուցած գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն: Ձերբակալությունը զայրացրել է նրա կողմնակիցներին. վերջին 48 ժամվա ընթացքում տեղի են ունեցել համատարած բռնություններ, նաև հարձակումներ պետական և ռազմական օբյեկտների վրա:
 

Placeholder
Պակիստանի նախկին վարչապետը պետք է անհապաղ ազատ արձակվի