Լրագրող Դավիթ Սարգսյանի փաստաբանը դեռևս չի ստացել Ավինյանի հայցադիմումը
Իրավունք
13:03 16/05/2023
Հայաստան

Լրագրող Դավիթ Սարգսյանի փաստաբանը դեռևս չի ստացել Ավինյանի հայցադիմումը

Լրագրող Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դեռևս չի ստացել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ վերջինի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու համար դրամական փոխհատուցում վճարելու պահանջով։

Panorama.am-ի հետ զրույցում Արամ Օրբելյանն ասաց, որ հայցադիմումը, մնացած որոշումները, դիմումները ստանալուց և իր վստահորդի հետ քննարկելուց հետո պատրաստ է մանրամասն մեկնաբանել ողջ գործընթացը։

Նա նաև հայտնեց, որ երեկվա դրությամբ Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը հանված չէր։

Հիշեցնենք, որ այսօր Տիգրան Ավինյանի փաստաբան Հարություն Հարությունյանը հայտնել էր. «Վստահորդիս՝ Տիգրան Ավինյանի հետ քննարկելով ստեղծված իրավիճակը՝ մեր հայցով լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ կիրառված հայցի ապահովման միջոցի մասով և ի արձագանք ս.թ. մայիսի 12-ի հայաստանյան լրագրողական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության, ինչպես նաև ընդգծելու համար Տիգրան Ավինյանի դիրքորոշումը՝ որևէ լրատվամիջոցին սնանկացնելու կամ հատուկ որևէ ֆինանսական անհարմարություններ պատճառելու նպատակ չունենալու մասին, այսօր միջնորդություն եմ ներկայացրել դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ»։

 

Placeholder
Լրագրող Դավիթ Սարգսյանի փաստաբանը դեռևս չի ստացել Ավինյանի հայցադիմումը