Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերին. Միրզոյան
Քաղաքական
11:06 17/05/2023

Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերին. Միրզոյան

Մայիսի 16-ին Ռեյկյավիկում  Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ բարձրաստիճան այցելությունները և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Լատվիայի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ: Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ դրանք կհասցեագրեն նաև մերօրյա մարտահրավերները՝ ընդգծելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման հարցերում շարունակական սերտ համագործակցության պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի:

Քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս համատեքստում շեշտվել է, որ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերին: Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, հայ ռազմագերիների վերադարձի և մարդասիրական բնույթի մյուս խնդիրների հասցեագրման կարևորությունը:    

Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի քաղաքական կամքը հասնել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

 

Placeholder
Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերին. Միրզոյան