Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ու՞մ հաշվին են եղել Անահիտ Ավանեսյանի գործուղումները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղումներ մեկնելու հարցում բավականին ակտիվ է։ Նա այս տարի՝ մինչև մայիսի 15-ը, չորս գործուղման է մեկնել։ Նախարարի առաջին գործուղումը եղել է հունվարի 19-21-ը, երբ Ավանեսյանն Իրան էր մեկնել։ Այնտեղ նա մասնակցել է «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համագումար»-ին։
Գործուղումից հետո ներկայացված հաշվետվությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ այնտեղ Ավանեսյանը հանդիպումներ է ունեցել, նաև աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացրել։ Մարտի 17-19-ը նա մեկնել է Կատար, այնտեղ մասնակցել համաժողովի, և որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը։
Ավանեսյանը մարտին երեք անգամ է գործուղման մեկնել և Կատարից վերադառնալուց երեք օր անց մեկնել է Սանկտ Պետերբուրգ, այնտեղ կրկին համաժողովի մասնակցել։ Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ որևէ փաստաթուղթ, հուշագիր չի ստորագրվել, միայն եղել են հանդիպումներ և ելույթներ։ Մարտին ևս մեկ անգամ է գործուղում եղել, այս անգամ էլ՝ մարտի 29-ից 31-ը՝ Շվեյցարիա։
Այսինքն՝ մարտ ամիսը նրա համար բավականին ակտիվ է եղել։ Այստեղ ևս փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն աշխատանքային խմբի մեկնարկ է տրվել հետագա աշխատանքների համար։ Առկա տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանի վերջին գործուղումը մինչ այս պահը եղել է Հնդկաստան ապրիլի 25-ից 29-ը, որի ժամանակ նախարարը մասնակցել է գագաթնաժողովի։
Իսկ ու՞մ հաշվին են եղել գործուղումները՝ կհարցնեք դուք. մեծ մասը եղել է պետական բյուջեի հաշվին, որոշ մասը՝ հրավիրող կողմի, սակայն ամենաթափանցիկ կառավարությունը թաքցնում է անդամների գործուղման ծախսերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։