Արսեն Թորոսյանը կհարցաքննվի
Քաղաքական
16:55 31/05/2023
Հայաստան

Արսեն Թորոսյանը կհարցաքննվի

Համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով կհարցաքննվի այդ ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

«Ինձ թվում է՝ հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետև ամեն դեպքում Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը, և պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննությունն էլ մի շարք հարցեր ունի»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն,  ըստ որի,  քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Ըստ կոմիտեի, ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:

Գևորգ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, ապա նա ազատ արձակվեց։

Գործի շրջանակում դատարանը բավարարել է «Մեդլայն կլինիկ» ԲԿ  փոխտնօրեն, նախկինում ավագ բուժքույր Լիլյա Հովակիմյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։

Այդ գործով կալանավորված է նաև  նույն կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանը։

Դատարանը խափանման այլընտրանքային միջոց՝ տնային կալանք է կիրառել «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ, որը, ըստ մամուլի հրապարակումների, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի ընկերուհին է։

Placeholder
Արսեն Թորոսյանը կհարցաքննվի