Վերջին 15 օրվա մեջ ընդամենը երկու հատ նորածին հորթ եմ տեսել, որ համարակալված չեն. Վահան Քերոբյան
Տնտեսություն
18:05 14/06/2023
Հայաստան

Վերջին 15 օրվա մեջ ընդամենը երկու հատ նորածին հորթ եմ տեսել, որ համարակալված չեն. Վահան Քերոբյան

«Ընդամենը մի գյուղատնտեսական ծարգիր ունի դժվարություն փոխհատուցումների հետ կապված և խնդիրը ոչ թե մոնիթորինգի ծառայության բացակայությունն է, այլ այդ ծրագրի ներքո պատշաճ փաստաթղթաշրջանառությունը շահառուների կողմից չապահովելը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի հարցին:

Վերջինս հետաքրքրվեց, թե ինչու են 2021թ.-ին Էկոնոմիկայի նախարարությունում գործող մարզային մոնիթորինգի վարչության 70-80 աշխատակցի կրճատել և այդ աշխատանքը ներկայում կատարում են 15 հոգի, որոնք տեղափոխվել են Գյուղծառայությունների կենտրոն:

Նախարարի խոսքով, իր հիշատակած միակ ծրագրում խնդիր կա, քանի որ այն պահանջում է աննորմալ քանակությամ ֆիզիկական աշխատանք, որպեսզի շահառուների մեծ մասի բերած ոչ հարկային և ոչ պատշաճ փաստաթղթերն ուսումնասիրեն:

Քերոբյանը հավաստիացրեց, որ գյուղատնտեսական մյուս բոլոր ծրագրերը բնականոն և լավ տեմպերով աշխատում են և բերեց աշնանացան ցորենի ծրագրի օրինակը, որը տվել են համայնքների կառավարմանը և գոհ են դրանից, մոնիթորինգն էլ է լավ գնում և արդյունքային թիրախներին էլ հասել են:

Նա հավաստիացրեց, որ մոնիթորինգի վարչության գործառույթն 15 աշխատակցի հետ տեղափոխվել է Գյուղծառայությունների կենտրոն, որտեղ խորհրդատվության հետ միասին նաև մոնիթորինգի և այլ ծառայություններ է մատուցվում:

Նա հավաստիացրեց, որ  մոնիթորինգի առումով որևէ որակական անկում չեն արձանագրել:

«Նույն Գյուղծառայությունների կենտրոնի վերջերս կատարած շատ կարևոր աշխատանքներից մեկն եմ համարում նաև կենդանիների համարակալումը: Ես ինքս էլ բազմաթիվ համայնքներում հաճախ եմ լինում և կարող եմ ասել, որ վերջին 15 օրվա մեջ ընդամենը երկու հատ նորածին հորթ եմ տեսել, որ համարակալված չեն: Այսինքն այն ծրագիրը, որը երկար տարիներ չէր լուծվում, կարելի է ասել, որ ամբողջությամբ լուծված է»,-հայտարարեց Քերոբյանը և վստահեցրեց, որ վարչությունը լուծարելիս իրենք ժամանակին հիմնավորում ներկայացրել են նրա անարդյունավետության մասին::

Placeholder