Երասխում Ադրբեջանի կրակոցից վիրավորում ստացած օտարերկրացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության
Օրվա թեմա
13:13 14/06/2023
Հայաստան

Երասխում Ադրբեջանի կրակոցից վիրավորում ստացած օտարերկրացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության

Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:

Նշենք, որ վիրավորները տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Panorama.am-ի հետ զրուցում կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանն ասաց, որ ադրբեջանական զինված ուժերի  կրակոցից վիրավորում  ստացած օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ հնդիկներ են։

«Նրանցից մեկը կրծքավանդակի շրջանում է բեկորային վնասվածք ստացել, մյուսը՝ ուսահոդի շրջանում։ Նրանց վիճակը միջին ծանրության է, հիմա վիրահատվում են»,- նշեց տնօրենը։ 

Ա. Սարդարյանն ասաց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 

Հիշեցնենք՝ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ այսօր  ժամը 11:45-ի սահմաններում Ադրբեջանը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ 

Placeholder
Երասխում Ադրբեջանի կրակոցից վիրավորում ստացած օտարերկրացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության