ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել
Իրավունք
17:30 20/06/2023
Հայաստան

ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել

Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ենգիբարյանն ու Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել։

Panorama.am-ին ՄԻԵԴ-ից հայտնեցին, որ դատարանն արձանագրել է, որ  խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված կյանքի իրավունքը, ինչպես նաև գործի քննության ընթացքում տեղի են ունեցել խախտումներ:

Դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է դիմումատուներին վճարել 39 հազար դոլար՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

ՄԻԵԴ դիմած Սերգեյ Ենգիբարյանն ու Անժելա Սիմոնյանը ազգությամբ հայեր են՝ ծնված 1952 թ. և 1983 թ., ապրում են Երևանում։ Գործը վերաբերում է  2011-ին հետապնդման ժամանակ  ոստիկանների  կրակոցից սպանված Արման Ենգիբարյանին, որը Ս. Ենգիբարյանի որդին է, Ա. Սիմոնյանի՝ ամուսինը։ 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 12 տարի առաջ՝ հունիսի 14-ին  Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարևանությամբ։ Ենգիբարյանը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ  ստացած վնասվածքների հետևանքով մահացել էր։

Հայցվորները պնդել են, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայով նախատեսված կյանքի իրավունքը, արդյունավետ քննությունը, քանի որ իշխանությունները հրաժարվել են Արման Ենգիբարյանին ճանաչել տուժող, զոհ։ 

Նրանք նաև բողոքել են, որ ոստիկանապետի հայտարարությունների հետևանքով խախտվել է կոնվենցիայով սահմանված անմեղության կանխավարկածի իրավունքը։
 

Placeholder
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել