Վանաձորի բժշկական կենտրոնում հաջողվել է փրկել  դանակահարված տղամարդու կյանքը
Առողջություն
20:49 23/06/2023
Հայաստան

Վանաձորի բժշկական կենտրոնում հաջողվել է փրկել դանակահարված տղամարդու կյանքը

Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանում ահազանգ է ստացվել դանակահարության դեպքի մասին: Այս մասին տեղեկացնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։

«Ահազանգն ստանալուն պես շտապ բուժօգնության բրիգադը մեկնել է կանչի վայր:Տեղում առաջին  անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Վիճակը ընդունման պահին գնահատվել է ծայրահեղ ծանր, առկա էր հեմոռագիկ շոկ: Տղամարդն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան:

Տուժածի մոտ հայտնաբերվել է  կրծքավանդակի՝ աջից  առաջնային պատի ծակած-կտրած թափանցող  վերք:  Վնասված է եղել աջ թոքը, միջկողային զարկերակը, թափանցող վերքն ավարտվել է սրտակրանքի շրջանում: Պացիենտի մոտ՝ պլեւրալ խոռոչում, առկա է եղել մոտ 2 լիտր արյուն: Յուրաքանչյուր րոպեն թանկ էր:

Շնորհիվ վիրաբուժական թիմի (վիրաբույժներ՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Հովակիմ Գոգորյան,  Դավիթ Ազարյան, անեսթեզիոլոգ՝ Մարտուն Մադոյան) կատարվել է բարդ վիրահատություն՝  հեմոստազ, թոքի ամբողջականության վերականգնում, սրտապարկի վերականգնում: Մոտ 1.5 ժամ տեւած վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: Հետվիրահատական շրջանում եւս բարդություններ չեն առաջացել: Տղամարդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից՝ լավացումով:

Մասնագիտական պրոֆեսիոնալիզմի, օպերատիվ գործողությունների ու փոխգործակցության արդյունքում  բժիշկներին հաջողվել է փրկել  երիտասարդ տղայի կյանքը»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder