Փաշինյանը խեղաթյուրում է մեր դիվանագիտական պատմությունը իր մանր, անձնական շահի համար. Րաֆֆի Հովհաննիսյան
Քաղաքական
13:57 23/06/2023
Հայաստան

Փաշինյանը խեղաթյուրում է մեր դիվանագիտական պատմությունը իր մանր, անձնական շահի համար. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ես անուններով, մակդիրներով քիչ եմ խոսում, բայց պետք է սկսեմ երկու բառով՝ «ծակ Նիկոլ»»,-ասուլիսում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ չեխ գրող Միլան Կունդերան մի անգամ խոսել է «հիշողության ծակ»-ի մասին, թե ինչպես են դաժան մարդիկ, ոճրագործներ բացում հիշողության ծակը և խցկում իրենց մեղքերը այդ ծակի մեջ։

«Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը արտաքին կամ ներքին լսարանի առջև բացում է բերանը, խցկում է իր ստեղծած ծակի մեջ հայոց պատմությունը, քաղաքակրթությունը, շահը և իրավունքը»,- ասաց նա։

Ր. Հովհաննիսյանի խոսքով, սկզբում մտածում էր դա անփորձություն է, անմեղսունակություն է, բայց հիմա հասկանում է, որ դա կանխամտածված է, ծրագրի մաս է կազմում։

«Երբ որ «ծակ Նիկոլը»  նստում է, ժամերով խոսում է, բացում այդ ծակը, այդտեղ գիտակցաբար խցկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, շահերը, իրավունքները։ Դա վերաբերում է Հայաստանին, սփյուռքին և Լեռնային Ղարաբաղին և մեր միասնությանը։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի ժողովրդին սպառնում է ցեղասպանություն, ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում և մարդկանց ուղարկում ցեղասպան Ադրբեջանի ծոցը բանակցությունների, ինքը դառնում է ցեղասպանության մեղսակից։ Սա ո՞վ չի կարող տեսնել, սա ավելին է, քան դավաճանությունը, ավելի խորքային ու համապարփակ է, սա չարիք է, որ այցելել է մեզ պատմության խորքից դեպքերի բերումով։ Պետք է թույլ չտանք, որ մեկ մարդ «հիշողության ծակի» մեջ խցկի մեր պետությունը, մեր ժողովրդին»,- ասաց քաղաքական գործիչը։

Ր. Հովհաննիսյանը նշեց, որ Արցախը մեր աչքի առջև ապրում է շատ կրիտիկական, իր կյանքին սպառնացող օրեր։

«Փաշինյանը, ով ունի Հայաստանի վարչապետի քարտը, փոխանակ ներկայացնի հայոց դատը, հայկական իրավունքները, կարծես թե, որպես Ադրբեջանի վարձած վերլուծաբան, փորփրում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական պատմությունը, փորձում է  վերհանել նախորդ նախագահների, ԱԳ նախարարների դիվանագիտական սխալնեը։ Այո, եղել են սխալներ, որոնց մի մասը ինքը մատնանշում է,  մի մասը կոնտեքստից հանում է, ընտրովի է վերցնում, մյուսը թողնելով չարտահայտված, բայց ինքը իր քաղաքական որոշումները, պատերազմում իր պարտությունը, իր պատճառած ոսկե տղաների մահերը, արդարացնելու համար փորփրում է մեր դիվանագիտական պատմությունը, երբ խոսում է  նախկինների մասին, խեղաթյուրում է մեր դիվանագիտական պատմությունը իր մանր, անձնական շահի  և իշխանության համար՝ ասելու, որ նա է մեղավոր, նա է մեղավոր։ Սուտ է ասում։

Ցավում եմ, որ այն մեծ հույսը, որ ապրեց ժողովուրդը 5 տարի առաջ, դա նույնպես դրժեց»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, նախկիններն իրենց մեծ սխալների շարքում ունեն այն սխալները, որ թույլ տվեցին Ադրբեջանի հզորացումը և այս «ծակ Նիկոլի» գոյության հնարավորությունը։

«Այս իշխանության օրոք Հայաստանը չունի հեռանկար ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության մեջ»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ 

 

Placeholder