Որոնք են երեխաների համար ամենաօգտակար հատապտուղները
Աշխարհում
18:45 24/06/2023
Հայաստան

Որոնք են երեխաների համար ամենաօգտակար հատապտուղները

Ամենաօգտակար հատապտուղներն են համարվում սև և կարմիր հաղարջը, ազնվամորին, հապալասը և մոշը: Այս մասին «Գազետա․ռու»-ի հետ զրույցում ասել է մանկաբույժ, գաստրոէնտերոլոգ Դարյա Մարկովան՝ ներկայացնելով, թե որ հատապտուղները պետք է ներառել երեխաների սննդակարգում։ 

Ըստ նրա՝ 100 գ սև հաղարջը պարունակում է մինչև 500 մգ վիտամին C, ինչն անփոխարինելի է երեխայի իմունային համակարգի ձևավորման, արյան անոթների ամրապնդման, երկաթի և կալցիումի ավելի լավ կլանման համար։ Բացի այդ, սև հաղարջը պարունակում է շատ երկաթ։

Ինչպես նշել է Մարկովան, մեծ քանակությամբ երկաթ է պարունակում նաև կարմիր հաղարջը։ Նրա խոսքով՝ այս հատապտուղը հարուստ է նաև վիտամին A-ով և բետա-կարոտինով, որոնք դրական ազդեցություն են ունենում տեսողության վրա: Բացի այդ, կարմիր հաղարջը օգտակար է յոդի անբավարարության կանխարգելման համար, որը կարող է առաջացնել հոգնածության ավելացում, ուշադրության անկում, ինչպես նաև կարող է դանդաղեցնել երեխայի մտավոր զարգացումը։

Բժիշկը նաև խորհուրդ է տվել երեխայի սննդակարգում ներառել հապալաս, որն ունի հակաօքսիդանտ հատկություններ և բարենպաստ ազդեցություն է ունենում տեսողության վրա:

Երեխաների սիրելի հատապտուղներից մեկն էլ՝ ազնվամորին, ըստ Մարկովայի, պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որը կարգավորում է աղիների աշխատանքը։ Բացի այդ, ազնվամորին կարող է օգտագործվել որպես բնական ջերմիջեցնող միջոց մրսածության և SARS-ի դեպքում՝  շնորհիվ իր բաղադրության մեջ պարունակվող սալիցիլաթթվի աղերի:

Բժշկի խոսքով՝ մոշը երեխաների համար ևս օգտակար է, քանի որ այն պարունակում է վիտամին K, որն անհրաժեշտ է առողջ աճի և ոսկորների ամրացման համար:

Մարկովան նաև զգուշացրել է, որ հատապտուղների մեծ մասը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել, ուստի դրանք պետք է աստիճանաբար մտցնել երեխայի սննդակարգ։

 

Placeholder
Որոնք են երեխաների համար ամենաօգտակար հատապտուղները