ԱԺ-ն կհաստատի 100 մլն դոլարի նոր վարկը, որը կուղղվի 2023 թ բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը
Տնտեսություն
15:49 26/06/2023
Հայաստան

ԱԺ-ն կհաստատի 100 մլն դոլարի նոր վարկը, որը կուղղվի 2023 թ բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը

«Նախատեսվում է բյուջետային աջակցության նպատակով 92.3 մլն եվրո, կամ 100 մլն դոլարին համարժեք միջոցներ ներգրավել»,-ԱԺ-ում հայտնեց ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ զեկուցելով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Փոխնախարարն ասաց, որ դրանք ուղղվելու են 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

Ըստ Հակոբյանի՝ բյուջեով նախատեսված է 350 մլն դոլար արժողությամբ բյուջետային վարկեր ներգրավել, իսկ 100 մլն դոլարի նոր վարկն ուղղվելու կապիտալ ծախսերին՝ ճանապարհների, դպրոցների և մանկապարտեզների կառուցմանը, որոնք ունեն մուլտիպլիկատիվ ազդեցություն:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ վարկը ներգրավվում է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործողությունների շրջանակներում, ինչի ուղղությամբ բնապահպանական ուղղվածությամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ և բարեփոխումներ են արվել:

Էդուարդ Հակոբյանը նաև հայտնեց, որ վարկը տրամադրվում է  3.6 %-ով:

Placeholder