«Մենք փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել արցախահայության հարցը բարձրացնելու համար»
Քաղաքական
10:22 27/06/2023
Հայաստան

«Մենք փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել արցախահայության հարցը բարձրացնելու համար»

Միանշանակ մեր հույսը ամբողջապես նմանօրինակ ակցիաները չեն, մեր կուսակցական բարձրագույն մարմինները, քաղաքական ներկայացուցիչները, խորհրդարանական խմբակցությունն ամենօրյա ակտիվ աշխատանքի մեջ է միջազգային գործընկերների հետ և փորձում է ստեղծված կացությունը ներկայացնել նրանց նաև մեր տեսակետից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը՝  ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց անցկացվող ակցիաների ժամանակ։

Նրա խոսքով՝ հստակ հակասություններ ունենալով ներկա իշխանության վարած քաղաքականության հետ, ամենևին վստահություն չունեն, որ այս իշխանությունն անում է ամեն հնարավորը Արցախում ստեղծված կացությունը բարելավելու և արցախահայության իրավունքների պաշտպանելու»

«Եւ հակառակ դրա, մենք փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել արցախահայության հարցը բարձրացնելու համար»,- ընդգծեց Սևակ Նազարյանը։ 

Նա հիշեցրեց, որ վերջին շրջանում Ադրբեջանը նաև Կարմիր խաչի մուտքն էր Արցախ արգելել և ծայրահեղ հիվանդներին տեղափոխելու և Հայաստանի բուժհաստատություններում պատշաճ բուժօգնություն տրամադրելու խնդիր կար, սակայն այդ հարցը կարգավորվեց։

Ըստ Սևակ Նազարյանի՝ սա ցույց է տալիս, որ եթե միջազգային ուժերի կողմից կա ստեղծված իրավիճակի հանդեպ որոշակի լուրջ և բեկումնային աշխատանքներ իրականացնելու ցանկություն, ապա հնարավոր է առկա խնդիրները լուծել։

«Այդ ցանկությունն առաջացնելու համար այստեղից մեր ճնշումն անհրաժեշտություն է։ Կարելի է թվալ, որ սա ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի,  բայց կարծում ենք, որ դեսպանատների առաջ նման ակցիաները հավելյալ ճնշում, ուշադրություն կարող են առաջացնել»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Placeholder