Զախարովա. Մոսկվան կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել
Քաղաքական
18:32 28/06/2023
Աշխարհ

Զախարովա. Մոսկվան կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել

«Մեզ անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտումների աճը»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Ռուսաստանը ՝ հասնելու այն բանին, որ Բաքվուն կատարի ստանձնած պայմանավորվածությունները։

Նա ընդգծել է, որ Մոսկվան կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով` համագործակցելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։

«Մենք կարծում ենք, որ իրավիճակի դեէսկալացիան կնպաստի Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու միջոցների շուտափույթ ընդունմանը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, ժամը՝ 01:30-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ։ Հայկական կողմից չորս զինծառայող է զոհվել։

Placeholder