Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամռանը, երբ շատերն անցնում են բաց կոշիկների, առավել անհանգստացնող խնդիր են դառնում ոտնաթաթերի՝ հիմնականում կրունկների չորությունն ու ճաքերը։ Նույնիսկ եթե դրանք չեն առաջացնում անհանգստություն կամ ցավ, չպետք է անտեսել, քանի որ ճաքերը կարող են լինել օրգանիզմի տարբեր խնդիրների ազդանշաններ։
Panorama.am-ը խնդրի շուրջ զրուցել է մաշկաբան-պոդոլոգ Սյուզաննա Գևորգյանի հետ՝ պարզելու մաշկի չորության ու ճաքերի առաջացման հիմնական պատճառները։
Panorama.am-Արտաքին ո՞ր ազդակներն են ձևավորում նման խնդիր։
Մաշկաբան-պոդոլոգ- Խնդիրը բազմապատճառային է, կարող է պայմանավորված լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ազդակներով։
Նեղ ու անհարմար, սխալ ընտրված կոշիկները առնվազն խախտում են արյան շրջանառությունը և քաշի ներդաշնակ բաշխումը։ Հետևանքները կոշտուկներն ու ճաքերն են։ Բաց կոշիկները ևս կարող են լինել պատճառ, քանի որ ամռանը կրունկների մաշկը արագ կոպտանում և խտանում է։
Panorama.am-Խնդրի առկայության դեպքում պե՞տք է հաճախ շերտազատել մաշկը։
Մաշկաբան-պոդոլոգ-Չափազանց ակտիվ խնամքը ևս կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Շերտազատող սարքերի ինքնուրույն օգտագործումը չափազանց բարակեցնում է մաշկը: Այստեղից էլ վերքերն ու ճաքերը։ Բացի այդ, չափազանց շատ մաշկ հեռացնելով, դուք խթանում եք հյուսվածքների վերականգնմանը, մաշկը սկսում է արագ և ավելի մեծ ծավալով աճել ու կոպտանալ:
Panorama.am-Առողջական ինչպիսի՞ խնդիրներ կարող են դառնալ խնդրի առաջացման պատճառ։
Մաշկաբան-պոդոլոգ-Եթե պացիենտը բախվել է չոր կրունկների և ոչ բնորոշ ճաքերի խնդրին, ապա դրա պատճառը կարող է լինել ավելի լուրջ, քան ոչ պատշաճ խնամքը կամ անհարմար կոշիկները, օրինակ՝ սնկային հիվանդություններն ու վարակները։ Այս դեպքում պետք է անհապաղ դիմել համապատասխան բժշկի օգնությանը։ Այլ պատճառներից են՝ ավիտամինոզը, մարմնի ջրազրկումը, մարսողական տրակտի խանգարումները, հորմոնալ վերակազմավորումը և այլն։
Panorama.am-Ինչպե՞ս խնամել ոտքերի մաշկն ու կանխարգելել նման խնդրի առաջացումը։
Մաշկաբան-պոդոլոգ-Ոտքերի դեպքում հիգիենայի տարրական կանոնների անտեսումը հղի է տհաճ հետևանքներով, սակայն խնամքը հատուկ ջանքեր չի պահանջվում։
Չորացրեք ոտքերը սրբիչով, հատուկ ուշադրություն դարձնելով մատների միջև ընկած հատվածին:
Կարևոր են նաև խոնավացնումն ու սնուցումը՝ չոր կրունկների խնդիրը լուծելու հարցում։ Ցանկալի է կիրառել այն ամեն երեկո՝ որպես գիշերային խնամքի մաս։