Փակեք այդ թեման, այդպիսի բան չկա. Վարդան Օսկանյան
Քաղաքական
12:57 04/07/2023
Հայաստան

Փակեք այդ թեման, այդպիսի բան չկա. Վարդան Օսկանյան

«Ես կարծում եմ, որ ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել նրան, որ մենք կարողանանք հավաքականորեն բռնել Փաշինյանի ձեռքը, որ նման փաստաթուղթ չստորագրի, կարծում եմ՝ արժի դրան մասնակցել»,-ՀայաՔվեին միանալուց հետո հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նրա կարծիքով՝ նախաձեռոնթյունը կարևոր է իշխանություններին և միջազգային հանրությանը հստակ ուղերձ հղելու համար, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ ընդունել այն, ինչ այսօր իշխանությունները փորձում են անել:

Օսկանյանի խոսքով՝ հակառակ նրան, որ ՀՀ բնակչության 50 %-ից ավելին դեմ է ցանկացած կարգավիճակով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս տեսնելուն, իշխանություններն այդ կարծիքը առհամարհում են:

«Նման նախաձեռնությունները, որոնք օրենքի ուժով կպարտադրեն քրեականանցելով նման փաստաթուղթ ստորագրելը, ես կարծում եմ, որ կարևոր նախաձեռնություն է»,-ասաց Օսկանյանը և կոչ արեց բոլորին միանալ ՀայաՔվեին:

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարել է, թե Քի-Վեստում ճանաչվել է Արցախն Ադրբեջանի կազմում, քանի որ խոսք է գնացել տարածքների փոխանակման մասին՝ Օսկանյանն ասաց, որ ԱԺ քննիչ հանձնաժողոում Փաշինյանի երկու ելույթները չի լսել, այլ լրահոսից իմացել է, թե ինչ է ասել:

«ՀՀ որևէ նախկին նախագահ, իշխանություն, երբեք Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել, անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի, ինչ տարբեր մեկնաբանություններ կանի, այդպիսի բան չի եղել: Փաշինյանն առաջին ՀՀ ղեկավարն է, որ նման բան է ասել և հիմա փորձում է այն ֆորմալիզացնել՝ ստորգրելով համապատասխան փաստաթղթեր: Ուղղակի, այն այսօր պետք է թույլ չտալ, այն կլինի մեծ սխալ և այդ արարքի համար մենք սերունդներով կզղջանք»,-հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարարը:

Նա հայտնեց, որ կա այլընտրանք այն ամեն ինչին, ինչ փաշինյանը փորձում է անել:

«Ասում են պատերազմն անխուսափելի էր: Ոչ թե պատերազմն անխուսափելի չէր, այլ բացառված էր, պատերազմը Փաշինյանն է բերել մեր ժողովրդի գլխին՝ իր սխալների պատճառով: Այստեղ ինձ համար երկու կարծիք չկա, ես ուղղակի վստահ ու համոզված եմ դրանում և դրա փաստերն, կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է»,-ասաց Օսկանյանը և շեշտեց, որ այսօր էլ նույն ձևով ասում է այլընտրանք չկա, բայց այն, ինչ փորձում է անել, դրան այլընտարնք միանշանակ կա:

«Պետք է վերանայվի այն նախապայմանը, թե իբր այն, ինչ այսօր կատարվում է, միջազգային հանրության ցանկությունն է, պարտադրանքն է և այդ ամենն արվում է նրանց ճնշման տակ»,-նկատեց Օսկանյանը  և կարծիք հայտնեց, որ այդ ենթադրությունը պետք է ամբողջությամբ վերանայել:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը ցանկանում է ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը, բայց նրան չի հետաքրքրում, թե ինչպես, նրանք գնում են այն ճանապարհով, որն իրենց առաջ բացվել է՝  հեշտ ճանապարհով:

«Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելը: Իհարկե, միջազգային հանրությունն ամեն ինչով կաջակցի Փաշինյանին, որպեսզի այդ հանգուցալուծումը լինի: Հավատացեք, այն պահին, երբ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին՝ միջազգային հանրության մոտ կտրուկ դիրքորոշման փոփոխություն կլինի»,-ասաց նա և խնդրեց 100% լիազորությամբ դիվանագետների խումբ, որն ինքը պատրաս է ղեկավարել և 3 ամսում կտրուկ փոփոխություն կլինի բանակցություններում, բայց մեկ պայմանով՝ այդ ընթացքում Փաշինյանը պետք է լռի և ոչ մի ելույթ չունենա:

Placeholder