Երևանի  կոյուղատար համակարգի մոտ 80 տոկոսը փոխարինման կարիք ունի
Հասարակություն
16:44 05/07/2023
Հայաստան

Երևանի կոյուղատար համակարգի մոտ 80 տոկոսը փոխարինման կարիք ունի

Էրեբունու Մուշական թաղամասն ունի շուրջ 1600 բնակչություն: Այստեղ կոյուղի երբևէ չի եղել:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ տարիների ընթացքում բնակիչներից ամեն մեկն իր ձևով է ժամանակավոր լուծում գտել:

«Ավելի քան 40 տարի ապրում ենք այստեղ, բայց կոյուղի չունենք ու ստիպված հորեր էինք փորել, այդպես էինք օգտվում: Շատերը առվին էին միացնում։ Տասնամյակներ շարունակ բարձրացրել ենք խնդիրը, բայց այդպես էլ չէր լուծվում»,-ասում են բնակիչները:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Մուշականում այժմ կառուցվում է նոր կոյուղատար համակարգ: 4.6 կմ երկարությամբ ցանցը հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել թաղամասի ամենակարևոր խնդիրը:

«Սկսում ենք մոտ 4600 մետր կոյուղագծի ամբողջությամբ զրոյից կառուցումը: Տարածքը երբևէ չի ունեցել կոյուղագիծ: Այս գիծը հասնելու է մինչև Աթոյան փողոց», - նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել և ցանցը շահագործման հանձնել մինչև տարեվերջ:
2020-2022թթ. Երևանում կառուցվել ու վերակառուցվել է 11 կմ կոյուղագիծ ու հեղեղատար համակարգ: Միայն այս տարի ծավալները շուրջ 14 կմ են:

Երևանի ներքաղաքային կուղատար համակարգի երկարությունը 1200կմ է, որի մոտ 80 տոկոսն այսօր փոխարինման կարիք ունի: Ըստ աղբյուրի, ցանցի արդիականացումը պահանջում է լուրջ ներդրումներ, իսկ համայնքային միջոցները բավարար չեն:

Placeholder