Մեկ շաբաթում Ադրբեջանը Արցախում 4 անգամ խախտել է հրադադարը
Քաղաքական
14:57 17/07/2023
ԼՂՀ

Մեկ շաբաթում Ադրբեջանը Արցախում 4 անգամ խախտել է հրադադարը

Հուլիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 4 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացել դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից։ 

Հուլիսի 11-ին ժամը 13:00-ին Չարեքտար գյուղի բնակիչ Ա.Ա.-ն հեռախոսով հաղորդել է այն մասին, որ իրենց տան ուղղությամբ լսվել են արձակված անկանոն կրակոցների ձայներ: Գետավանի բաժանմունքի օպերլիազորը դեպքի վայրում պարզել է, որ նույն օրը ժամը 10:20-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Ա.-ն իր տնամերձ հողամասում աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական  մարտական դիրքից ինքնաձիքի անկանոն կրակոցներ են արձակվել գյուղի և իր ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է այգեգործական աշխատանքները:

Հուլիսի 13-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ամարասի հովտում» 3 կոբայն հունձ կատարելու ժամանակ,  ժամը 17:40-ին Ադրբեջանի մարտական դիրքերից կրակոցներ են արձակավել բերքահավաք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Հուլիսի 14-ին  ժամը 19:20-ին  Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Մաճկալաշեն գյուղին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից  ականանետից կրակոցներ են արձակել՝ գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքների ուղղությամբ: 

Հուլիսի  15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում   հաղորդում է ստացվել, որ նույն օրը  ժամը 09:50-ի սահմաններում, Ա. Մ.-ն (ծնված 1959թ.),  «Fortschritt E 302» խոտհնձիչ տրակտորով Վերին Սզնեք գյուղում խոտհարման աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակահերթեր է արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով  դադարեցվել են  գյուղատնտեսական  աշխատանքները:

Placeholder