Արցախում ինտերնետի անջատման դեպքում կապը կապահովի Zangi-ն
Տնտեսություն
18:52 20/07/2023

Արցախում ինտերնետի անջատման դեպքում կապը կապահովի Zangi-ն

Արցախի կառավարության և հայկական Zangi ընկերության միջև ստորագրվել է հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ArtsakhX կանվանվի։

«Մի քանի խնդիր ենք լուծել: Ամենակարևոր երկու խնդիրներն անվտանգության և հասանելիության խնդիրներն են: Արցախի՝ ինտերնետից անջատման դեպքում ոչ ամբողջական ֆունկցիոնալությամբ շարունակելու է աշխատել՝ ապահովելով կապ Արցախի ներսում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Zangi-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:

Սերվերները և ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի տարածքում, որոնք կարողանալու են ապահովել տվյալների փոխանցում՝ թշնամու կողմից ՌԵՊ ռադիոէլեկտրոնային համակարգերով կապը ճնշելու և այն վատացնելու դեպքում:

Նրա խոսքով՝ աշխատանքները սկսել էին դեռ 6 ամիս առաջ, սակայն գաղափարը ծագել էր Ապրիլյան պատերազմից հետո, և համակարգը շատ շուտով հասանելի կլինի բոլոր արցախցիների համար։

«ArtsakhX-ը աշխարհում եզակի լուծում է, որը իրականացնում է քաղաքացիական GSM օպերատորի և մեսենջերային համակարգի ինտեգրացիա: ArtsakhX-ը ստեղծվել և սպասարկվելու է Zangi ընկերության կողմից՝ ամբողջովին անհատույց սկզբունքներով»,- եզրափակեց Մարտիրոսյանը։

 

Placeholder