Արցախում 1670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Քաղաքական
16:36 21/07/2023
ԼՂՀ

Արցախում 1670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է տեղեկագիր՝ ներկայացնելով երկիր տիրող իրավիճակը շրջափակման 222-րդ օրվա դրությամբ. 

«Օրվա վիճակագրական թարմացումներ

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 30  դեպքով։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 620 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, իսկ հունիսի 25-ին վերականգնվելուց հետո՝ վերջին անգամ դադարեցվել հուլիսի 10-ին:

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 214  անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (222 օրվա ընթացքում մարդկանց 545,900 -ի փոխարեն՝ 2,540  մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 0 ելքի և մուտքի դեպք:

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 70  անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (222  օրվա ընթացքում 204,240  -ի փոխարեն՝ 2,923  մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 0 մուտք և ելք:

Շուրջ 16 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (222  օրվա ընթացքում մոտ 88,800   տոննայի փոխարեն՝ 5,715   տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ միայն 0 տոննա:

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 155  օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 193  օր շարունակ: Դա հանգեցրել է  ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

Շրջափակումից ի վեր 1450 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 33,9 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ 2827 տնտեսավարող սուբյեկտ գործում է մասնակիորեն՝  արտադրական հզորությունների չնչին մասով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 14,600  մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 80 տոկոսից ավելին է։ Ցուցանիշը  հատկապես վերջին շրջանում արագորեն աճում է։

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 422  մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 47  տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

Կարևոր փաստեր

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով (Լաչինի միջանցքով), բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների։ Սակայն հունիսի 15-ից արգելվել է նաև վերջիններիս տեղաշարժը: Տասնօրյա արգելափակումից հետո՝ հունիսի 25-ից վերսկսվել է ԿԽՄԿ-ի գործունեությունը Լաչինի միջանցքով, սակայն խաղաղապահներին դեռևս արգելված է մատակարարել սնունդ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Ադրբեջանը հուլիսի 11-ից արգելափակել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։

Ադրբեջանական ահաբեկչական հանցագործությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունն ունի սննդի, դեղորայքի, վառելիքի և շատ այլ կենսական նշանակության ապրանքների խիստ սղություն: Նրանք առերեսվում են նաև ծանր խնդիրների ջեռուցման, կրթության, առողջապահության և կյանքի այլ հիմնական ոլորտների հետ կապված, որոնք հանգեցրել են հումանիտար լուրջ ճգնաժամի և մարդու հիմնարար իրավունքների խախտումների։

Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից մասնակի է աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, իսկ տարբեր ժամանակահատվածներում՝ լրիվությամբ կամ մասնակիորեն դադարել էին նաև մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքները։

Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից: Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից՝ վառելիք ու լվացքի փոշի, իսկ հունիսի 15-ից նշված ապրանքներից ոչ մեկի մատակարարում տեղի չի ունեցել ընդհանրապես:

Շրջափակման հարուցած հումանիտար ճգնաժամն էլ ավելի սրելու նպատակով Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքները՝ հունվարի 9-ից ամբողջությամբ անջատելով Հայաստանից-Արցախ էլեկտրամատակարարումը, ինչպես նաև շրջափակման սկզբից պարբերաբար, իսկ մարտի 21-ից վերջնականապես խափանելով միակ գազամատակարարումը Հայաստանից: Հուլիսի 8-ին Ադրբեջանը անսպասելի կերպով վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը և ժամեր հետո նորից ընդհատել այն: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է օրական 6-ժամյա հովհարային անջատումների»։ 

Placeholder
Արցախում 1670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից