«Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 38 հազար 500 մարդ
Քաղաքական
11:58 22/07/2023

«Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 38 հազար 500 մարդ

««Հայաքվեի» տեմպն այս շաբաթվա ընթացքում աճել է, աճել է  զգալի չափով։ Դա նրանից է, որ մարդիկ ոգևորություն են ապրում»,- ասուլիսում հայտարարեց «ՀայաՔվեի» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Անցյալ երեկոյի տվյալներով, «Հայաքվեին» միացել է 38 հազար 500 ՀՀ քաղաքացի. 19 հազար 870-ը՝ Երևանում, 18 հազար  10-ը՝ ՀՀ մարզերում, 620 քաղաքացի միացել է էլեկտրոնային ստորագրահավաքի միջոցով։ 

Չալաբյանը միաժամանակ ասաց, որ հազարավոր քաղաքացիներ զրկված են էլեկտրոնային ստորագրահավաքին միանալու սահմանադրական իրավունքից, քանի որ այդ համակարգը ՀՀ-ից դուրս արգելափակված է, չի աշխատում։ Նրա խոսքով, ԿԸՀ-ն, սակայն, հարցը կեղծում է՝ պնդելով, որ աշխատում է։

«Նամակները հավաքելու ենք, և հանցագործության մասին հաղորդում տանք, քանի որ քաղաքացիների օրինական իրավունքի սահմանափակում է »,- հայտարարեց Ա. Չալաբյանը

Նախորդ շաբաթ  25 հազար մարդ էր միացել ստորագրահավաքին։ 

Ավետիք Չալաբյանը վստահ է, որ եթե ստորագրահավաքը չավարտվեր ժամը 18։00-ին, այլ ավելի երկար տևեր, աշխատեին նաև հանգստյան օրերին, առնվազն կրկնակի չափով ավելի քաղաքացիներ միացած կլինեին «Հայաքվեին»։ 

Հարցին՝ երբ նախագիծը դվի ԱԺ քվեարկությունը, ամենայն հավականականությամբ ՔՊ-ականները դեմ չեն քվեարկի, Ա. Չալաբյանն ասաց. «ՔՊ-ն բաղկացած է 71 մարդուց, որպես ամբողջությամբ դեմ չեն արտահայտվել, դեմ են արտահայտվել կոնկրետ գործիչներ։ 

Իրենք դեմ են արտահայտվում, ոչ թե իրենք չեն քվեարկելու, այլ ուզում են ձախողել ստորագրահավաքի փուլը։ Երբ ստորագրությունների անհրաժեշտ թիվը հավաքվի, և ակնհայտ դառնա, որ ժողովուրդն աջակցում է այս նախաձեռնությանը, համոզված եմ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ոչ միայն կսկսեն լուրջ քննարկումներ, այլև ճեղքվածք կառաջանա։

Մեզ ընդամենը պետք է, որ 20 պատգամավոր քվեարկի, և մենք աշխատելու ենք, որ նրանք քվեարկեն։ Ավելին, ՔՊ-ն խորհրդի կամ վարչության մակարդակով չի արտահայտվել «Հայաքվեի» մասին։ Մեր պատմության մեջ շատ են նման դեպքերը, երբ իշխող ուժն ինչ-որ բանին դիմադրում է, հետո էլ համաձայնում է։ Մեր բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի ՔՊ-ի դիմադրությունը հաղթահարենք», - ասաց նախաձեռնության համակարգողը։

Նա նաև մանրամասնեց, որ եթե ԱԺ-ն չընդունի իրենց նախագիծը, ի՞նչ է լինելու. «Սահմանադրությունը հետևյալ կերպ է ձևակերպված՝ ԱԺ-ի կողմից օրինագիծը չընդունելու դեպքում, 60-օրյա ժամկետում նախաձեռնությանը ևս 300.000 քաղաքացիների միանալու դեպքում՝ նախաձեռնությունը տարվում է հանրաքվեի։ 

Այսինքն, այն ամենը,  ինչ արվել է  մինչ օրենքի նախագիծը ԱԺ ներկայացնելը, էական չէ, 50 հազար, թե 100 հազար ստորագրություն ենք հավաքել առաջին փուլում, օրենքի նախագիծը մերժվելու դեպքում ևս 300 հազար ստորագրություն է պետք լինելու»։

Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է,որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:
Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:

Քայլեր
1. Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:
2. Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:
3. Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:
Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:

Placeholder
«Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 38 հազար 500 մարդ