Հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11․4%-ով
Տնտեսություն
16:35 25/07/2023
Հայաստան

Հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11․4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11․4%-ով։ Միաժամանակ, հունիս ամսվա ՏԱՑ-ը մայիսի նկատմամբ կազմել է 9․9%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝  հունիսի համեմատ՝ 6․8%:

ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-հունիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 1%-ով, շինարարության ծավալը՝ 17%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 2%-ով։

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 23.6%-ով․ ծառայությունների ծավալը՝ 16.8%-ով:

Սպառողական գներն էլ  նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել են 4․2%-ով:

Վիճակագրության համաձայն՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2․7%-ով, իսկ  արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտաքին առևտրաշրջանառությունն էլ հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 72.9%-ով՝ կազմելով 3 տրիլիոն 467 միլիարդ 200 միլիոն  դրամ, ընդ որում` արտահանումն ավելացել է 72.8 %-ով (կազմել է 1 տրիլիոն 273 միլիարդ դրամ), իսկ ներմուծումը՝ 73%-ով (կազմել է 2 տրիլիոն 194 միլիարդ 200 միլիոն դրամ):

Placeholder