Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։ Panorama.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանի պաշտպան Ավետ Կարապետյանն ասաց, որ դատարանը բավարարել է Դ. Տոնոյանի միջնորդությունը և թույլ է տվել նրան օգոստոսի 1-ին և 2-ին ներկայանալ հանձնաժողովի նիստին։
«Հանձնաժողովը ևս միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի Դավիթ Տոնոյանին թույլատրեն ներկայանալ նիստին։ Նման ցանկություն էր հայտնել նաև պարոն Տոնոյանը»,- ասաց Ա.Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Դ.Տոնոյանը հուլիսի 4-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր: Իսկ մինչ այդ նա առաջարկել էր իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ։ Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։