Այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, դուռ է բացում նոր  հայկական ցեղասպանության առաջ. Ավետիք Չալաբյան
Քաղաքական
11:21 29/07/2023
Հայաստան

Այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, դուռ է բացում նոր հայկական ցեղասպանության առաջ. Ավետիք Չալաբյան

«Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է  սրվել, իրավիճակ մոտենում է անշրջելիության կետին, այն կարող է դուրս գալ վերահսկողությունից ու բերել իրական մեծ ողբերգության»,- ասուլիսում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա ընդգծեց, որ մենք պարտավոր ենք նեցուկ կանգնել արցախցիներին, ովքեր հերոսական պայքար, դիմադրություն են մղում։

«Այդ հերոսական պայքարի ֆոնին միայն վրդովմունք ու հիասթափություն է  առաջացնում Հայաստանում գործող  իշխանությունների կեցվածքը։ Փաստացի,  մենք ականատես ենք լինում Արցախից ձեռքերը լվանալու և  թշնամու  ողորմածությանը  հանձնելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությանը, որը դե ֆակտո տանում է  Արցախը ցեղասպանությանը,  այն քողարվում է  Հայաստանը պաշտպանելու և  նոր պատերազմից խուսափելու թեզով, բայց ոչ մի  կերպ չի բացատրվում, թե ինչ է  լինելու մեր հայրենակիցների հետ, ինչպես ենք մենք իրենց կյանքի և ազատության իրավունքը պաշտպանելու»,- ասաց Ա. Չալաբյանը։

Նա նշեց, որ այդ   պայմաններում «Հայաքվե»-ի  հիմնական ուղերձը շարունակում է  մնալ կողմնակիցներ ձեռք բերելը. «Իշխանության  ամեն հերթական մանիպուլյացիա միայն հակառակ  արդյունքն է տալիս և ավելի շատ մարդիկ ենք սկսում հասկանալ՝ այն, ինչ անում է  Հայաստանի իշխանությունը, դուռ է բացում նոր  հայկական ցեղասպանության առաջ։

«Հայաքվեն» երկու հենասյուն ունի Արցախի ու Հայոց ցեղասպանության հետ կապված։  Ցավոք, մենք երբեք երևի չէինք պատկերացնում, բայց այդ երկու մեծագույն թեմաները սկսում են խաչվել Արցախի դեպքում»։

Ա. Չալաբյանը նաև նշեց, որ իշխանությունը հասկանում է՝ որքան փորձում է «Հայաքվե»-ի ընթացքին հակադրվել, այնքան ավելի վարկաբեկվում է․ «Այս շաբաթ ուղղակի հանձնվել են հանրային դաշտում, որևէ թեզ չենք տեսնում նրանց կողմից, փոխարենն անցել են վարչական ճնշումների։ Այս շաբաթը վարչական ճնշումների տեսանկյունից ռեկորդային է եղել։

ՔՊ ներկայացուցիչները, տեղական իշխանության ներկայացուցիչները տառացիորեն ահաբեկչական պայքար են սկսել քաղաքացիների դեմ։ Սպառնում են՝ աշխատանքից հեռացնել, փարոսից զրկել, երեխուն բանակում վնասել, քրեական գործ հարուցել, մտածիր ապագայի մասին։ Բազմաթիվ են օրինակները, երբ  կոնկրետ գյուղերում տեսնում ենք՝ մարդիկ ահաբեկված են, գյուղից փախել են։ Չնայած դրան, իրականում դիմադրությունը, հակազդեցությունը աճում է։ «Հայաքվե»-ի թափ հավաքող ընթացքն ենք տեսնում։ Իշխանության հուսահատ ճիգերը հակառակ արդյունք են տվել»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, դուռ է բացում նոր հայկական ցեղասպանության առաջ. Ավետիք Չալաբյան