Շովիում աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են նաև զինվորականներ
Տարածաշրջան
13:07 05/08/2023
Տարածաշրջան

Շովիում աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են նաև զինվորականներ

Վրաստանի Շովի հանգստավայրի սողանքի շրջանում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. լուսադեմին ուղղաթիռներն ու ծանր տեխնիկան շարունակել են աշխատանքը, հայտնում է «Sputnik-Georgia»-ն։

Վերջին տվյալներով՝ օգոստոսի 3-ին Շովիում իջած սողանքի հետևանքով 11 մարդ է զոհվել։ Քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովիի մուտքի ճանապարհը. Այս պահին փրկարարները տարհանել են 210 մարդու, որոնվում է 25 մարդ։

Վրացական «1tv.ge»-ն տեղեկացնում է, որ զինվորական անձնակազմը ևս այսօր առավոտից ակտիվորեն ներգրավված է ընթացող որոնողական աշխատանքներին։

Առավոտից աղետի գոտում են պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին և ՊԲ բարձրաստիճան պաշտոնյաներ։

ՊՆ տեղեկատվության համաձայն՝ զինվորականները ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության տեխնիկայով տեղափոխվել են գետի մյուս կողմ, սփռվել փլուզված լանջի պարագծով և հատուկ միջոցներով պարբերաբար զննում են տարածքը։

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն նշել է, որ ողջ անձնակազմը տեղափոխել են անմիջապես աղետի վայր և աշխատում են այն վայրերում, որտեղ հայտնաբերվել են դիերը։

Ըստ նրա՝  ժամանակավոր կամուրջ են հավաքել, որտեղով կանցնի տեխնիկան և կհեշտացնի մուտքը աղետի վայր։

«Հուն են սարքում, որ բեռնատարներն էլ անցնեն։ Մեր կամուրջները յուրահատուկ են, կամուրջ, որը կօգնի մարդկանց շարունակել իրենց որոնողական աշխատանքները: Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին, մենք տեղափոխել ենք ամբողջ կազմը։ Նրանք աշխատում են այն վայրերում, որտեղ դիեր են հայտնաբերվել, և ավելի մեծ է հավանականությունը, որ այնտեղ կրկին դիակներ կհայտնաբերվեն»,- ասել է Բուրճուլաձեն։

Հիշեցնենք, որ աՎրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։
 

Placeholder
Շովիում աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են նաև զինվորականներ