Շատ ջուր խմել, խուսափել ճարպոտ սնունդից․ շոգին դիմակայելու խորհուրդներ՝ մասնագետից
Առողջություն
14:24 08/08/2023
Հայաստան

Շատ ջուր խմել, խուսափել ճարպոտ սնունդից․ շոգին դիմակայելու խորհուրդներ՝ մասնագետից

Սպասվող շոգ եղանակի պայմաններում պետք է իմանալ ճիշտ, կանխարգելիչ վարվելակերպի կանոնները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

Նշենք, որ օգոստոսի 10-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և Արարատյան դաշտավայրում սպասվում է մինչև +40-42 աստիճան տաքություն։

Նունե Բակունցը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ պետք է շատ ջուր խմել՝ օրական 2.5-3 լ, քանի որ շոգին օրգանիզմը ջրազրկվում է, ջրի հետ կորցնելով աղեր և սպիտակուցներ։

Ինչ վերաբերում  է սիրտանոթային հիվանդություններ ունեցողներին և հղի կանանց, մասնագետն ասաց, որ նրանք պետք է անպայման խորհրդակցեն իրենց բժշկի հետ, բայց միևնույն է պետք է ջրի քանակն ավելացնել։ Իսկ այն մարդիկ, որոնք ամեն օր դեղեր են ընդունում, ըստ նրա, չպետք է խախտեն դեղորայքի ընդունման ժամանակացույցը։

Նունե Բակունցի խոսքով՝ պետք է բացառել շաքար պարունակող  ըմպելիքները, դրա փոխարեն կարելի օգտագործել թան, քանի որ այն  իդեալական լրացնում է օրգանիզմում աղերի, սպիտակուցների և ջրի կորուստը։

«Կոֆեին պարունակող խմիչքները տաք և սառը վիճակում առաջարկում ենք պակասեցնել, չնայած դրանք կարճատև թարմացնող էֆեկտ ունեն, սակայն հյուծում են օրգանիզմը»,- ասաց նա։

Նուն Բակունցը հորդորեց ժամը 12։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում հնարավորինս չլինել դրսում, կամ առնվազն չլինել ուղիղ արևի ճառագայթների տակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է արևային ակնոցներ, բաց գույնի ազատ հագուստ կրել, գլխարկներ դնել։ 

Մասնագետը նաև նշեց, որ ձուկ և կաթնամթերք օգտագործելիս անհրաժեշտ է պահպանել ջերմաստիճանային ռեժիմը, որպեսզի դրանք չփչանան։ Ինչ վերաբերում է սնունդին, Նունե Բակունցն ասաց, որ հնարավորինս պետք է խուսափել ճարպոտ սնունդ և կրեմով քաղցրավենիք օգտագործելուց:

Նրա խոսքով՝ շոգ ժամերին անհրաժեշտ է ուտել միրգ և բանջարեղեն, դյուրամարս ուտելիք փոքր չափաբաժիններով։

«Շոգ ժամերին չպետք է մնալ կայանված մեքենաներում։ Եթե ինչ-որ մեկին սպասում եք, ապա մեքենայից դուրս եկեք և դրսում սպասեք։ Հատկապես հիշեք, որ չի կարելի կայանված մեքենաների մեջ թողնել երեխաներին ու կենդանիներին, քանի որ դա կարող է նույնիսկ անդառնալի հետևանքներ ունենալ»,-  ասաց մասնագետը։

Placeholder
Շատ ջուր խմել, խուսափել ճարպոտ սնունդից․ շոգին դիմակայելու խորհուրդներ՝ մասնագետից