«Գիշատիչների խնջույքը»` Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բեմում
Մշակույթ
13:16 15/08/2023
ԼՂՀ

«Գիշատիչների խնջույքը»` Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բեմում

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է նոր ներկայացման՝  ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վեպի հիման վրա: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է բեմադրող, Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը:

«Չնայած ստեղծված ծանր իրավիճակին թատրոնը շարունակում է գործել, քանի որ մշակույթն առանձնակի կարևորություն ու նշանակություն ունի հատկապես այնպիսի ծանր իրավիճակում, որում հայտնվել ենք:  Մենք ստիպված ենք փորձերը համապատասխանեցնել հովհարային անջատումներին, որպեսզի մինչև այս ամսվա վերջ կարողանանք հանդիսատեսին ներկայացնել բեմադրությունը:  Մեր թատրոնում «Գիշատիչների խնջույքը» բեմադրվել է նաև Արցախյան շարժման օրերին, երբ գոյաբանական  խնդիր էր ծառացել մեր ժողովրդի առջև։ Նոր տարբերակով այն կրկին ներկայացնելու ընտրությունը պատահական չէ, քանի որ  շրջափակման մեջ հայտնված արցախցիները  համառ պայքար են մղում և ծանր կացության մեջ պետք է ընտրություն կատարեն՝ մնալով  իրենց  կոչման բարձրության վրա»,-ասաց Ք. Հարությունյանը

Նշենք, որ «Գիշատիչների խնջույքը» ստեղծագործությունը 2-րդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Փարիզում բնակվող  բարեկամների մասին է, ովքեր ծանր ընտրություն կատարելու առջև են կանգնում: Ներկայացման հիմքում ընկած պատմությունը   բարդ իրավիճակում՝ մարդկային որակները պահելու դժվարությունների վերաբերյալ է, որը  բացահայտում է մարդկային տեսակը, որը դիմակազերծվելով ցույց է տալիս իր  մեջ ապրող գիշատչի բնազդը:

Placeholder