Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով
Քաղաքական
23:39 16/08/2023
Աշխարհ

Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով

«Ավելի քան 8 ամիս է Ադրբեջանն ամբողջապես արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։  Այդ արգելափակումը մեկուսացրել է ԼՂ բնակչությանը աշխարհի մյուս մասից առանց որևէ իրավաչափ պատճառի, որով կարող էր այդ իրավիճակը հիմնավորել»,- Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ունեցած ելույթում ասաց ՄԱԿ-ում ԱԽ մշտակ անդամ Ֆրանսիայի ներկայացուցիչը։

Նա ընդգծեց, որ դա հակասում է մարդասիրական միջազգային իրավունքի սկզբունքներին։ Ֆրանսիայի ներկայացուցիչն ասաց, որ այս իրավիճակին գումարվել է գազամատակարարման, էլեկտրամատակարարման խափանումները, ջրային  պաշարների սպառումը,  վառելիքի անբավարարություն, որը խափանում է  գյուղատնտեսական աշխատանքները, երաշտի ռիսկը, դեղորայքի անբավարարությունը վերահաս է։

«Այս ամենի պատճառով արդեն հասունանում է մարդասիրական ճգնաժամի իրավիճակ»,- ընդգծեց ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը։

Նա հայտարարեց, որ Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության ուղեբեռի արգելափակումը, որը ՀՀ իշխանություններն ուղարկել էին հուլիսին՝ վերացնելու ստեղծված հետևանքները Արցախում և Ադրբեջանին կոչ է անում անվերապահորեն և անմիջապես վերականգնել ապրանքների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով, շարունակաբար ապահովել գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Նրա խոսքով, ԿԽՄԿ գործունեության խոչընդոտումը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքներն, ինչն անընդունելի է։ 

«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին կատարելու միջազգային պարտավորությունները, ի կատար  ածել այն միջոցները,  որոնք մատնանշել է Արդարադատության միջազգային դատարանը։
Ֆրանսիան կոչ է անում, որպեսզի անմիջապես, առանց խոչընդոտների  մարդասիրական, ՄԱԿ-ի կառույցները հնարավորություն ունենան աշխատելու տեղի բնակչության հետ և աշխատել Լաչինի միջանցքով»,- ասաց նա՝ նշելով, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է մնում  մնայուն և արդար խաղաղության օրակարգին տարածաշրջանում։

«Այդ  իմաստով Ֆրանսիան կոչ է անում վերսկսել բանակցությունները՝  ուղղված  բոլոր չլուծված խնդիրների լուծմանը, այդ թվում ԼՂ  բնակչության իրավունքների և անվտանգության հարցերով։ Այդպիսի լուծումը հնարավոր է երկխոսությամբ՝  բացառելով ուժի կամ ուժի սպառնալիքի որևէ գործադրում»,- ԱԽ նիստում հայտարարեց  ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը։

Placeholder
Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով