Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սեպտեմբերի 17-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի վաղը՝ օգոստոսի 23-ին։ Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել են ընտրություններում առաջադրված 13 կուսակցությունների և 1 դաշինքի ընտրական ցուցակները։
Մասնակից ուժերն արդեն անոնսում են, թե ինչ միջոցառումներ են իրականացնելու վաղը։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության քարոզարշավը մեկնարկելու է վաղը, օգոստոսի 23-ին, Ավան, Սայաթ-Նովա 8/1 շենք հասցեով գտնվող նախընտրական շտաբում, ժամը 13:00-ին:
«Մայր Հայաստան»-ն այսօր հայտարարել է դաշինքի շտաբի ու հասարակության հետ կապերի բաժնի ձևավորման մասին։ Շտաբի պետը Ռուբեն Հակոբյանն է։
««Մայր Հայաստան» դաշինքը օգոստոսի 23-ին նախընտրական արշավն սկսում է Երևանի Կենտրոնից: Մենք մասնակցում ենք ընտրություններին՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն ամբողջական իշխանափոխության:
Օգոստոսի 23-ին, ժամը 19։00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, տեղի կունենա հավաք»,-հայտնել են դաշինքից։
Օգոստոսի 23-ին ժամը 11:00-ին ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է Բյուրեղ թաղամասից։ Շարժման կետը՝ Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոցի հարակից տարածք։
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է՝ օգոստոսի 23-ը մեզ համար կրկնակի խորհրդանշական է։
«Մենք տոնելու ենք Անկախության հռչակագրի 33-րդ տարին և 13 համարի ներքո մեկնարկելու ենք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։
Այն դարձավ 1991-ի սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության հռչակման կարևորագույն սկզբնակետն ու խորհրդանիշը։
Ժամը 10:00-ին բոլորին հրավիրում ենք Բաղրամյան 6, որտեղից տրվելու է «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկը»,-հայտնում են կուսակցությունից։
«Հանրապետություն» կուսակցությունը տեղեկացրել է.
«Օգոստոսի 23-ին ժամը 18:30-ին 50-ամյակի հուշարձանից (Կասկադի վերնամաս) կմեկնարկի Հանրապետություն կուսակցության քարոզարշավը։
Հանդիպման օրակարգում ներառված են հետևյալ հարցերը՝
1. Քարոզարշավի մեկնարկ
2. Նախընտրական ծրագրի ներկայացում
3. Քննարկում, հարց ու պատասխան»։
ՔՊ-ի՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը տեղեկացրել է.
«Վաղվանից մեկնարկում է ավագանու ընտրությունների քարոզարշավը։
Մեր հանդիպման առաջին վայրը Նուբարաշեն վարչական շրջանն է։
Կհանդիպենք վաղը՝ 17:00-ին, Նուբարաշենի կենտրոնական այգու մոտ։
Սիրով կսպասենք բոլորիդ»։
«Արդար Հայաստան»-ը հայտարարել է.
««Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ընտրարշավի պաշտոնական մեկնարկը տրվելու է վաղը՝ ժամը 17։00-ին, որի ընթացքում կներկայացվեն կուսակցության նախընտրական ծրագիրը, ավագանու թեկնածուներին, ինչպես նաև քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանի կողմից հայեցակարգային տեսքով կներկայացվի կուսակցության քաղաքական պատկերացումներն ինչպես Երևանի ավագանու ընտրությունների, այնպես էլ Հայաստանի ապագայի վերաբերյալ»։