Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի էստոնական պրեմիերան կկայանա  «Չտեսնված կինո» փառատոնի շրջանակում
Մշակույթ
13:05 23/08/2023
Հայաստան

Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի էստոնական պրեմիերան կկայանա «Չտեսնված կինո» փառատոնի շրջանակում

Սեպտեմբերի 7-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալու է կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի վերջին՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի էստոնական պրեմիերան՝ Տալլինի «Չտեսնված կինո» հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում: Այս մասին հայտնում են Հայաստանի Կինոգործիչների միությունից։ 

Այս ֆիլմի պրեմիերան ամիսներ առաջ մեծ հաջողությամբ կայացել է նաև Օդեսայի հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում, որին անդրադարձան բազմաթիվ ուկրաինացի կինոգետներ և կինոքննադատներ:

Ֆիլմի մասին

120 րոպե

Ֆիլմը պատմում է տաղանդավոր հայ նկարիչ Վահան Անանյանի դրամատիկ կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին: Վահանը, ծնվելով Երևանում և հիասթափվելով հայաստանյան իրականությունից (Երկրաշարժ, Պատերազմ, Խորհրդային կարգերի փլուզում), հեռանում է և ստեղծագործում Տալլինում, Կիևում և Օդեսայում:

Վահանի անժամանակ հիվանդությունից և մահվանից հետո նրա աճյունը բաժանվում է երեք մասի և հուղարկավորվում Տալլինում, Օդեսայում և Երևանում, իսկ ստեղծագործական ժառանգությունը և աշակերտները մնում են հեռուներում:

Ինչպես սիրում էր կրկնել Վահան Անանյանը Պարույր Սևակի խոսքերը, ...մի քիչ գինովցած... մի քիչ հուսահատ...

Placeholder