Հունաստանում անտառային հրդեհների վայրում մոխրացած դիեր են հայտնաբերվել
Աշխարհում
16:52 23/08/2023
Աշխարհ

Հունաստանում անտառային հրդեհների վայրում մոխրացած դիեր են հայտնաբերվել

Հունաստանի հյուսիսում գտնվող հեռավոր գյուղերից մեկում, որտեղ օրեր շարունակ մոլեգնում են անտառային հրդեհները, մոխրացած 18 դի է հայտնաբերվել։ BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի հրշեջ ծառայությունը։

Հունաստանի հրշեջ ծառայությունները հայտնել են, որ հրդեհի հետևանքով մահացած մարդիկ, ամենայն հավանականությամբ, անօրինական միգրանտներ են եղել: Այս եզրակացությանը նրանք հանգել են նաև այն պատճառով, որ այդ շրջանում տեղաբնակների անհետ կորած լինելու մասին հաղորդումներ չեն եղել:

Հունաստանի հյուսիսում գտնվող Էվրոս պրեֆեկտուրայի շրջանը հարում է Թուրքիայի սահմանին և հայտնի երթուղի է ԵՄ մուտք գործել ցանկացող միգրանտների համար:

Նշվում է, որ մոխրացած մարմինները հայտնաբերվել են «Դադյա Լեֆկիմի Սուֆլիոն» ազգային անտառային պարկում, որը գտնվում է Ալեքսանդրուպոլիսից հյուսիս, որտեղ հրդեհը սկսվել է օգոստոսի 19-ի վաղ առավոտյան և արագորեն տարածվել մեծ տարածքում: Նրանց գտել են Ավանտա գյուղից ոչ հեռու գտնվող այրված խրճիթի մոտ։

Իշխանությունները կարծում են, որ զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել:

Ըստ BBC-ի՝ հունական որոշ լրատվամիջոցներ արդեն հայտնել են 26 զոհի մասին, սակայն պաշտոնական հայտարարություններ դեռևս չկան:

Placeholder