Շրջափակումից հետո Արցախում սպորտի ոլորտը կանգնել է մեծ խնդիրների առջև
Սպորտ
18:05 24/08/2023
ԼՂՀ

Շրջափակումից հետո Արցախում սպորտի ոլորտը կանգնել է մեծ խնդիրների առջև

2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակումից հետո սպորտի ոլորտը կանգնել է մեծ խնդիրների առջև: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը:

«2022 թվականին` տարեվերջին, պիտի մասնակցեինք հայաստանյան  առաջնություններին, մոտ  հինգ առաջնության մեր մասնակցությունը  ստիպված չեղարկեցինք: Արդեն 2023 թվականից սկսած`  հայաստանյան, միջազգային, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին  հնարավորություն ունեցան մասնակցելու միայն հարկադրաբար  Հայաստանի Հանրապետությունում մնացած մարզիկները` ապահովելով մասնակցության ընդհամենը 5 տոկոսը: Մինչև այսօր էլ մենք ունենք մարզիկներ, ովքեր  չեն կարողանում վերադառնալ Արցախ»,-նշել է Դ. Մկրտչյանը՝ հավելելով, որ Արցախում գտնվող մարզիկները տեղում են իրականացնում իրենց ամենօրյա մարզումները:

Սպորտի վարչության պետի խոսքով՝  տարվա առաջին կիսամյակում, բարեբախտաբար, չեղարկված մրցաշարեր չկան: Սակայն արդեն երկու ամիս է՝ համապետական տեղական առաջնություններ չեն կազմակերպվում՝ պայմանավորված դիզվառելիքի պակասով: Այդ իսկ պատճառով տեղում կազմակերպվող առաջնությունները կրում են ավելի շատ ակումբային, թիմային բնույթ:

«Այս դժվարին իրավիճակը մեր մարզիկներն ավելի թեթև են տանում, քան շրջափակման մեջ  գտնվող մեր մնացած հայրենակիցները, որովհետև սպորտն օգնում է ավելի ամուր, կայուն լինել և դիմակայել` չնայած բոլորիս համար էլ   դժվար իրավիճակ է: Տրանսպորտ չլինելու պայմաններում մարզիկները չեն դադարում հաճախել պարապմունքներին: Եվ կարող եմ փաստել, որ մեր մարզիկների ոգին ամուր է, որովհետև  սպորտը  ևս պայքար է»,-ընդգծել է նա:

Դ. Մկրտչյանն իրազեկել է, որ մինչև շրջափակումը մարզիչները նաև Հանրապետության շրջաններում էին պարապմունքներ կազմակերպում, ունեին նաև շրջաններից հավաքական թիմում ընդգրկված մարզիկներ, ովքեր շաբաթական երկու-երեք անգամ հասնում էին Ստեփանակերտ`  թիմերի կազմում մասնակցելու  անցկացվող մարզումներին, ինչը, սակայն, տրանսպորտի  պատճառով չի իրականացվում:

Շրջափակման հետևանքով խնդիր է դարձել նաև մարզական նոր գույքի ձեռքբերումը. այն  ավելի չսրելու համար մարզասրահներում առավելագույնս պահպանում են օգտագործման կանոնները: Սննդի սղության պայմաններում անգամ տղաները փորձում են պահպանել  մարզական  վիճակը:

Placeholder
Շրջափակումից հետո Արցախում սպորտի ոլորտը կանգնել է մեծ խնդիրների առջև