Կինն իր արգանդը նվիրել է քրոջը՝ նրան մայրանալու բերկրանք պարգևելու համար
Աշխարհում
14:19 25/08/2023
Աշխարհ

Կինն իր արգանդը նվիրել է քրոջը՝ նրան մայրանալու բերկրանք պարգևելու համար

Բրիտանացի 40-ամյա կինն իր արգանդը նվիրել է 34-ամյա քրոջը՝ նրան մայրանալու բերկրանք պարգևելու համար։ Նրանք երկուսն էլ ցանկացել են անանուն մնալ։

Այպիսով, քույրերի շնորհիվ Օքսֆորդի վիրաբույժները հաջողությամբ իրականացրել են Մեծ Բրիտանիայում արգանդի առաջին փոխպատվաստումը։

BBC-ն գրում է, որ կրտսեր քույրը  ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, երբ արգանդը բացակայում է կամ թերզարգացած է, բայց ունի գործող ձվարաններ: Դոնորն արդեն երկու երեխա ունի և ամբողջացրել է իր ընտանիքը։

Այս տարվա փետրվարին Չերչիլի անվան հիվանդանոց վիրահատարաններից մեկում ավելի քան 30 բժշկից բաղկացած խումբն իրականացրել է մոտ 17 ժամ տևողությամբ փոխպատվաստումը։

Գինեկոլոգ- վիրաբույժ, պրոֆեսոր Ռիչարդ Սմիթը, որ եղել է օրգանների որոնման թիմի ղեկավարը, 25 տարի ուսումնասիրել է արգանդի փոխպատվաստումը: Տեղի ունեցածը նա մեծ հաջողություն է որակել։

«Այս ամբողջ պատմությունը շատ էմոցիոնալ էր։ Մենք բոլորս մի քիչ արցունքոտվեցինք»,-ասել է նա։

Փոխպատվաստման վիրաբույժ Իզաբել Կիրոգան, ով ղեկավարում էր արգանդը պատվաստող թիմը, պատմել է, որ կրտսեր քույրն ուղղակի երջանիկ էր, նա կարծես լուսնի վրա լիներ։

«Նա  հույս ունի, որ կարող է ունենալ ոչ թե մեկ, այլ երկու երեխա: Նրա արգանդը գործում է, ինչը  հիանալի է։ Մենք շատ ուշադիր հետևում ենք նրա առաջընթացին»,-ասել է բժշկուհին։

Աղբյուրը նշում է, որ Մեծ Բրիտանիայում 15 հազար կին կա, որոնց մոտ անպտղությունը պայմանավորված է կամ ի ծնե արգանդի բացակայությամն, կամ այդ օրգանի թերզարգացած լինելով։ 

2014 թվականին Շվեդիայում մի կին դարձավ առաջինը, ով երեխա ունեցավ արգանդի փոխպատվաստման արդյունքում։

Placeholder
Կինն իր արգանդը նվիրել է քրոջը՝ նրան մայրանալու բերկրանք պարգևելու համար