ՔԿ-ն՝ երկու զինծառայողների մահվան հանգամանքների մասին
Իրավունք
12:07 28/08/2023
Հայաստան

ՔԿ-ն՝ երկու զինծառայողների մահվան հանգամանքների մասին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ ՊՆ N զորամասի երկու զինծառայողների մահվան հանգամանքները:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով և 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Նախնական տվյալներով կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ։

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Placeholder
ՔԿ-ն՝ երկու զինծառայողների մահվան հանգամանքների մասին