Անցյալ երկու տարիներին Արցախի և ՀՀ խորհրդարանների միջև հարաբերություններ գրեթե չկային. Իշխանյան
Քաղաքական
12:54 30/08/2023
ԼՂՀ

Անցյալ երկու տարիներին Արցախի և ՀՀ խորհրդարանների միջև հարաբերություններ գրեթե չկային. Իշխանյան

«Գաղտնիք չէ իմ կուսակցության վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, գաղտնիք  չէ նաև մեր կուսակցության մոտեցումները  մեր պետական ինստիտուտներին, այս պարագայում հարցը պետք է դիտարկել Արցախի ԱԺ-ի ներկայացուցչի և Հայաստանի ԱԺ-ի հետ ունենալիք հարաբերությունների մեջ»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր հարաբերությունները ՀՀ ԱԺ նախագահի հետ։

Նա ընդգծեց, որ միշտ էլ կողմ է եղել ինստիտուցիոնալ հարաբերություններին։

«Այն հարաբերությունների դաշտը, որ հիմա ձևավորված է Արցախի ԱԺ-ի և Հայաստանի ԱԺ-ի միջև, անընդունելի է։ Անցյալ երկու տարիներին միջխորհրադարանական  հարաբերություններ Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև գրեթե չկար, բավարար չէր։ Այդ ամենը բավարար մակարդակի բարձրացնելու համար Ալեն Սիմոնյանի՝ ինձ ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքն առաջին քայլն էր, որ մենք վերականգնենք այդ հարաբերությունները։ Այդ հարաբերություններն որևէ անհատական հարաբերությունների կոնտեքստում չպետք է դիտարկել։ Զուտ ինստիտուցիոնալ, որ Արցախի և Հայաստանի միջև հարաբերությունները բոլոր գերատեսչությունների, բոլոր պետական ինտսիտուների մակարդակով պետք է վերականգնել»,- ասաց Դ. Իշխանյանը։

Արցախի Ազգային ժողովի նախագահն ասաց, որ անցած 2-2,5 տարիների ընթացքում ականատես են եղել Հայաստանն ինչպես էր հեռանում իրենցից։

«Մենք ունենք անելիք։ Չպետք է թույլ տանք, որ Հայաստանը մեզանից հեռանա։ Չպետք է թույլ տանք բոլոր այն շահագրգիռ կողմերին, որոնք կազմաքանդում են այն քաղաքական հարաբերությունները, որոնք ձևավորված էր Արցախի ու Հայաստանի միջև։ Այս պարագայում կարևոր է, որպեսզի խորհրդարանների մակարդակով մենք ունենանք այդ հարաբերությունները»,- ասաց Իշխանյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանն իր անվտանգային երաշխավորի դերը զիջել է կամ գրեթե չկա, զրոյացված է։

«Ռուս խաղաղապահներն են այստեղ։ Գիտենք՝ ինչ կազմ ունեն, ինչպիսի դերակատարում ունի այդ առաքելությունը։  Անշուշտ,  մեր հիմնական անվտանգության երաշխիքը որպես այդպիսին մնում է Արցախի պաշտպանության բանակը»,- ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

Placeholder